ՀՌԱՀ-ը ներկայացրեց տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամենաշատը լուսաբանել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, “Կենտրոն” և “Հայկական 2-րդ” հեռուստաալիքները՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը, իսկ “Երկիր մեդիա” հեռուստաընկերությունը`”Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստաընկերությունների` կուսակցություններին հատկացված եթերաժամի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:”Պետք է նշեմ, որ մենք նամակ ենք գրել բոլոր այդ հեռուստաընկերություններին, սակայն դա ոչ նախազգուշացում է եղել, ոչ վարչական տույժ և ոչ էլ՝ ուրիշ մի բան”,-ասաց Գրիգոր Ամալյանը:
Նշենք, որ մայիսի 6-ին տեղի ունենալիք ընտրությունների` նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՌԱՀ-ը կատարում է մոնիտորինգներ, հեռուստատեսությունների և ռադիո ընկերությունների, ընտրությունների ժամանակ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անդամներին եթեր տրամադրելու կապակցությամբ:Անվճար հեռուստատեսային գովազդ տրամադրում է միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն, իսկ այդ ծառայություններից օգտվել են բոլոր կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները: Ըստ ՀՌԱՀ-ի անցկացրած մոնիտորինգի՝ ամենաշատը այդ ծառայությունից օգտվել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, ինչպես նաև “Ժառանգություն” կուսակցությունը, իսկ ամենաքիչը այդ ծառայությունից օգտվել է Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նշեց, որ վարչական խախտում նկատելու դեպքում՝ հեռուստա կամ ռադիո ընկերությունը կենթարկվի վարչական տույժի, որն էլ կազմում է մեկ միլիոն դրամ:




Լրահոս