ՀՀԿ-Ի ԲԵՌԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այս օրերին ՀՀԿ քարոզարշավն անցկացնում է միայնակ. ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը չեն ուղեկցում նրան: Սա ուշագրավ է այն առումով, որ Հ. Աբրահամյանն ու Տ. Սարգսյանը զբաղեցնում են ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները: Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ թե շարքային ՀՀԿ-ականի կամ հասարակ պաշտոնյայի մասին է, այլ համամասնական ցուցակը ղեկավարողների: Դեռ ավելին, իր ծննդավայր Արտաշատում կայացած հանդիպման ժամանակ Հ. Աբրահամյանը կանգնած էր ժողովրդի մեջ` ներքեւում, այն էլ՝ հանրահավաքի էր եկել բավական ուշացումով:
Այս իրավիճակը, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ամենեւին էլ պատահական չէ: Բանն ան է, որ շարունակում են լարված մնալ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ հարաբերությունները: Արդյունքում Ս. Սարգսյանը որոշել է քարոզարշավն իրականացնել միայնակ:
Այս իրավիճակն ուշագրավ է այն առումով, որ դեռ մինչեւ վերջերս որոշված էր` ՀՀԿ քարոզչությունը հիմնականում իրականացնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ավելին, նա արդեն բավական լրջորեն լծվել էր աշխատանքի. որպես ՀՀԿ ԳՄ անդամ` վարչապետը շրջում էր մարզերով, ՀՀԿ անդամատոմսեր բաժանում: ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմելն ու այն բնակչության հետ քննարկելը եւս վերապահված էր Տ. Սարգսյանին: Նույնիսկ ՀՀԿ անունից կարեւոր քաղաքական հայտարարություններ անելն ու ներկոալիցիոն լարված հարաբերությունների ժամանակ ԲՀԿ-ին ինչ-որ ակնարկներ անելն էր վերապահված Տիգրան Սարգսյանին: Եւ ահա բուռն քաղաքական ձմեռ անցկացնելուց հետո Տիգրան Սարգսյանը մեկուսացվեց ՀՀԿ նախընտրական գործընթացներից. թեեւ արդեն ավելի քան մեկ շաբաթ է` մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, սակայն նա որեւէ տեղ չի երեւում: Խոստովանենք՝ կատարվածը տարօրինակ է:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները պատմում են, որ Տիգրան Սարգսյանին նախընտրական գործընթացներից մեկուսացրել են ՀՀԿ ներսում երկարատեւ քննարկումներից հետո: Ասում են՝ դա արվել է Հովիկ Աբրահամյանի թեթեւ ձեռքով: Ըստ մեր աղբյուրների` Տիգրան Սարգսյանի կերպարն ասոցացվում է ստեղծված ծանր սոցիալական վիճակի, վերջին շրջանի տնտեսական ձախողումների հետ: Ու Հովիկ Աբրահամյանը կարողացել է ՀՀԿ-ում համոզել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Տ. Սարգսյանին ետ պահելը ամենաճիշտ որոշումն է: Առավել եւս, երբ կա նաեւ հարմար պատրվակ՝ եվրոպացիների աչքին էլ ձեռքի հետ թոզ են փչում, թե իբր կառավարության ղեկավարը չի մասնակցում նախընտրական գործընթացներին, ասել է թե` ՀՀԿ-ն վարչական լծակները զերծ է պահում ընտրություններից: Ի դեպ, սա Տիգրան Սարգսյանի հանդեպ Հովիկ Աբրահամյանի առաջին «հաղթանակը» չէ. մինչեւ ՀՀԿ համամասնական ցուցակի հրապարակումը խոսվում էր, որ ցուցակում երկրորդ տեղում լինելու է Տիգրան Սարգսյանը: Բայց Աբրահամյանը կարողացավ առաջ անցնել իր մրցակցից, եւ արդյունքում ինքը զբաղեցրեց երկրորդ, իսկ վարչապետը՝ երրորդ հորիզոնականը:
Վարչապետը եւս անմասն չի մնացել նախընտրական ինտրիգներից: Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանի անունը կապված է ամենատարբեր աղմկահարույց պատմությունների հետ: Ավելին, ՀՀԿ-ում, ըստ էության, Հովիկ Աբրահամյանը շարունակում է մնալ անվստահելի. լինելով ՀՀԿ ղեկավար կազմում, այնուամենայնիվ, նրա անունը մշտապես կապվել է ԲՀԿ-ի հետ: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանին համարել են յուրայինների մեջ օտար ու օտարների մեջ յուրային:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, երեկ հերքեց ՀՀԿ ներսում լարվածության մասին տեղեկությունները: «ՀՀԿ ներսում հակասություններ չկան, ՀՀԿ-ում թեւեր, ոտքեր, պոչեր չկան: ՀՀԿ-ում կա մի առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը, ուրիշ առաջնորդ չկա: Կա Սերժ Սարգսյան, որի շուրջ են համախմբված բոլորը»,-ասաց Շարմազանովը: Իսկ թե ինչու Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը չեն մասնակցում, Շարմազանովը մեկնաբանեց այսպես. «Հովիկ Աբրահամյանը կոորդինացնում է ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատանքները, եւ շատ լավ էլ կոորդինացնում է: Նա չպետք է գնա, ելույթներ ունենա: Իսկ վարչապետը հիմա իրականացնում է իր Սահմանադրական լիազորությունները՝ ղեկավարելով կառավարությունը: Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանն ամեն ինչ անում են, որ հավատանք, որ փոխենք»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս