ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՆԴԻԿՆ Է ԼԾՎԵԼ
Արարատի թիվ 18 ընտրատարածքում առաջադրված  «Ավշար»-ի գինու գործարանի սեփականատեր, անկուսակցական Արայիկ Գրիգորյանը (նախկին գյուղնախարար, ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Արամայիս Գրիգորյանի եղբայրը) hayeli.am-ի տեղեկություններով, լուրջ մրցակից ունի` ի դեմս  «Երասխ» գինու գործարանի սեփականատեր, ՀԱԿ աջակցությունը վայելող Ռազմիկ Թեւոնյանի: Վերջինիս դեմ աշխատելուն լծվել է անձամբ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որը, չբավարարվելով մարզի համայնքապետերին Գրիգորյանի օգտին աշխատելու հրահանգներ տալով, ինչպես նաեւ անձնագրերի ցուցակագրմամբ, մարզային բոլոր իրագործված պետական ծրագրերը վերագրել է Գրիգորյանին: Այդուամենայնիվ,  Գրիգորյանի մարզային հանդիպումները բավականին սակավամարդ են անցնում:

ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը  ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Ըստ որոշ լուրերի, բացի նրանից, ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել նաեւ մի քանի այլ ՀՀԿ-ականներ: Թե որն է Շահինյանի` ՀՀԿ-ից դուրս գալու պատճառը, վերջինիս կինը` «168 ժամ» թերթի խմբագիր, Արաբկիրի 4 ընտրատարածքում առաջադրված Սաթիկ Սեյրանյանը խոստացել է  հրապարակել ընտրություններից հետո:

696 ՄԵՌՅԱԼՆԵՐ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երեւանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում, որոնց  արդյունքում հայտնաբերվել է, որ 2003-ից մինչեւ 2010 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած անձանց անձնագրերը չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին` ինչից ելնելով էլ դրանք  հայտնվել են ընտրացուցակներում:

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
«Բանակում անարդարություններին ՈՉ» նախաձեռնությունը բաց նամակ է հղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` կոչ է անելով  ՊՆ-ին կից հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսել ԼՂՀ  զորամասերից մի քանիսում 2011թ. անորակ մսի օգտագործման դեպքը բացահայտելու փաստի առիթով: Նամակում նշվում է, որ Գեղամ Հարությունյանը դեպքը բացահայտելուց հետո չի զեկուցել Սեյրան Օհանյանին:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ՌԱԶԲՈՐԿԱ»
Aravot.am-ի տեղեկություններով` երեկ` Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում խնջույքի ժամանակ, որտեղ հավաքված են եղել 5-6 թաղային հեղինակություններ, ՀՀԿ մի քանի նախընտրական շտաբների պետեր եւ Երեւան քաղաքի 2 ավագանիներ, ընտրությունների թեմայով վեճ է սկսվել, որը վերածվել է «ռազբորկայի»:  Կոմիտասցի Վարդան անունով հեղինակությունը «կպել» է խնջույքին ներկա SAS սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանին` նրան մեղադրելով, թե ինչու է այդքան շատ թիկնապահներ «հետեւից գցած» ման տալիս: ՍԱՍ-ի Արտակը, տեսնելով, որ իրավիճակը գնալով լարվում է, միջոցառումից  հեռացել է: Խրախճանքին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահի կրտսեր դստեր ամուսինն ու նրա եղբայրը:

ԱՀԱԲԵԿՈՒՄ Է
Թիվ 24 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված նախկին կոմունիստ Խորեն Սարգսյանն Aravot.am-ին հայտնել է, որ իր մրցակից ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ահաբեկում է ընտրատարածքի բնակիչներին` ՀՀ գլխավոր դատախազի եւ նախագահի անունից: Հակոբյանի կողմնակիցներն անտառտնտեսության տարածքում, որի պետն իր հորեղբոր տղան է, ծեծի են ենթարկել Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանին: Վերջինիս երեկ տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Խորեն Սարգսյանի նախընտրական շտաբը պատրաստվում է դեպքի առիթով դիմել պատկան մարմիններին:

ՍՐԱՆՔ ՈՉԻՆՉ ԵՆ
«Ո՞վ է տեսել այս ձեւ աղքատ երկրում Մոսկվայի ուտելիքների գները լինեն, որովհետեւ թալանում են: Կրծկալ Սամվելը կամ Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանը, Միկա Բաղդասարյանը, գերմանացի Ռուբենը` սրանք ոչինչ են, սրանք չեն կարող էֆեկտիվ տնտեսություն ստեղծել, սրանք չունեն էդ ինտելեկտը: Իրենք էլ են ոչինչ, նաեւ իրենց նախագահը: Ո՞ւմ եք գնալու ընտրեք: Ի՞նչ ճար ունեք»,-Արարատում կայացած ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:




Լրահոս