ՍԱՐՔՈ՞ՒՄ ԵՆ ԱՆՄԵՂ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին Գյումրիում հուղարկավորեցին քաղաքապետ Վ. Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի ապագա փեսացուին` 27-ամյա Կարեն Եսայանին: Գյումրու Ռիժկովի պողոտայում հավաքված հոծ բազմությունը գրեթե փակել էր Կիրովի «Lեհական կոմիսիոն»-ը, որը պատկանում է Կարեն Եսայանի մորը, իսկ խանութի երկրորդ հարկում հանգուցյալի բնակարանն է: Գյումրեցիներն ավելի շատ հավաքվել էին` հետաքրքրությունից դրդված: «Գիտեք, թե ինչ տղա էր, դաստիարակված, շնորհքով, իրենց ընտանիքն առհասարակ այդպիսին է: Կարենը շատ լավ է սովորել, Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտում նրան մատով էին ցույց տալիս: Իսկ ամենակարեւորը` նա հեռու էր կրիմինալից, էդ գողականներ կոչվածից, ափսոս երեխա էր»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Եսայանների 20 տարվա հարեւան Գայանե Սարգսյանը:
Հարեւաններից տեղեկացանք, որ Կարեն Եսայանի հուղարկավորության ժամանակ վատացել է նրա մոր` Անահիտ Եսայանի վիճակը: «Այն աստիճան էր վատ, որ ուզում էին տեղափոխել հիվանդանոց: Հիմա էլ շատ վատ է, սրսկում, անզգայացնում են, որ ուշքի է գալիս, ուզում է իրեն բալկոնից գցի, ինձ էլ են պատմել, խեղճ կինը խելագարվում է, էսօր էլ էրեխի ինքնահողն էր, ասում են` չի հասկանում` ինչ է եղել»,-պատմեց Անահիտ Եսայանի խանութի հարեւանությամբ առեւտուր անող հնավաճառներից մեկը: Կարեն Եսայանի հայրը` Ռազմիկ Եսայանը, մինչեւ ԱՄՆ մեկնելը աշխատել է Շիրակի մարզպետարանում: Նա աշխատել է որպես տնտեսվար այս կառույցի հիմնադրման օրվանից: «Ես իրա հետ աշխատել եմ, նախքան էդ դեպքն էլ այստեղ եկել է, խելոք, շնորհքով մարդ է, հիմա չգիտեմ` իրանք ընդհանրապես ինչ վիճակի են»,-մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակից Սամվել Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Կարենի  սպանության մեջ կասկածվող երիտասարդին` Հարություն Սամվելի Սարգսյանին, ապա նրան ապրիլի 15-ին տեղափոխել են  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանք, եւ նա տեղափոխվել է  «Նուբարաշեն» ՔՀԿ:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
«Մենք այս որոշումը բողոքարկելու ենք, քանի որ այն ապօրինի է, առանց ապացույցների: Այս գործում ոչ միայն հիմքեր չկան Հարություն Սարգսյանին կալանավորելու, այլեւ ապացույցներ էլ չկան: Ոչ մի վարկած չի կարող լինել, որ Հարությունն առնչվում է այդ հանցագործությանը»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա նաեւ ասաց, որ Հարությունը լուրջ մարմնական վնասվածքներ ունի, քանի որ 2 օր շարունակ նրան ծեծել են ոստիկանությունում: Ուստի Հարությունի հարազատները պատրաստվում են դատաբժշկական փորձաքննություն պահանջել: Մի շարք լրատվամիջոցներով նաեւ հրապարակվեց, որ Հարությունին բերման են ենթարկել Բավրայի մաքսակետը հատելիս: «Նման բան չկա, սուտ է, Հարությունն իր սեփական մեքենայով է գնացել  ոստիկանություն, երբ որ կանչել են»,-վստահեցրեց Լուսինե Սահակյանը` հերքելով նաեւ այն խոսակցությունները, ըստ որոնց` Հարություն Սարգսյանի բնակարանը խուզարկելիս պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել:
Հարությունի  մայրը` Անահիտ Նիկոլյանը, ով, ի դեպ, ֆիզիկայի ուսուցչուհի է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին սպանության հետ կապ չունի, չի ճանաչում ո՛չ սպանված երիտասարդին եւ ո՛չ էլ նրա հարսնացուին: Անահիտ Նիկոլյանի վստահեցմամբ խնդիրը քաղաքական դաշտում պետք է փնտրել, իր   որդուն մեղադրում են միայն նրա համար, որ նա մտերիմ կապերի մեջ է ԲՀԿ-ականների հետ, «գրասենյակ էր մտնում դուրս գալիս, քարոզներին էր մասնակցում»: Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է: Երեկ էլ տիկին Նիկոլյանը մեզ հետեւյալն ասաց. «Տղաս հիմա Նուբարաշենում չէ, ինչի՞ են սխալ ասում, տղաս հիմա Անվտանգության ծառայության պադվալում է: Դատարանի որոշման մեջ գրված է կասկածյալ, եթե կան փաստեր, եթե կան ապացույցներ, ինչի՞ են պադվալում պահում, ինչի՞ են կասկածյալ ասում, ինչի՞ են որոշում 2 ամսով կալանավորել»: Անահիտ Նիկոլյանի խոսքով` որեւէ ապացույց չկա, իրենց տան խուզարկության արդյունքում էլ ոչինչ չեն գտել. «Իմ տունը խուզարկել, ոչինչ, ոչինչ չեն գտել, ոչ մի տվյալ, ապացույց չկա: Իմ որդուն բերման չեն ենթարկել, ի՞նչ Բավրայի անցակետ, իմ ամուսնու կողքին նստել, մեքենայով գնացել են, ապրիլի 12-ին՝ ժամը 16-ին, ժամը 20-ին նոր սպանվածին գտել են: Իսկ գիտե՞ք` ինչի են տղայիս կանչել հարցաքննության, էդ ընթացքում ավտոլվացման կետի կամերաներն են ստուգել: Տղաս ելումուտ է ունեցել, իրավունք չունե՞ր մտնել, մեքենա լվանար, հետը, ասում  են, խոսել է, կարող է մոտեցել, ինչ-որ բան է հարցրել, նշանակում է` պտի սարքե՞ն գլխին: Անմեղ 29 տարեկան էրեխիս գլխին ուզում են սարքել, բայց էսպե՞ս, ոչ մի ապացույց չունենալո՞վ…»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի




Լրահոս