ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷԼ ՏԱՊԱԼՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում երեկ հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել` պայքարելու ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման դեմ: Վանյանը Հայաստանում անհույս շրջելուց հետո որոշել էր չկայացած փառատոնը Վանաձորում անցկացնել: Հույսերն այստեղ էլ չարդարացան:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի դիմաց խմբված երկրապահները, մի շարք երիտասարդ նախաձեռնող խմբերի ակտիվիստներ փառատոնի նախօրեին եկել էին կոչ-պահանջը հանձնելու ՀՔԱ Վանաձորի գրասենկայի ղեկավարին` հորդորելով նրան հրաժարվել ֆիլմերը ցուցադրելու համար տարածք հատկացնելու մտքից:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ` Գյումրիում փառատոնի ձախողվելուց հետո, կազմակերպիչ Գեորգի Վանյանը հայտարարել էր ֆիլմերի ցուցադրությամբ Վանաձորում հանդես գալու մտադրության մասին: Եւ երեկ բանակցություններն աստիճանաբար վերածվեցին ընդհարումների այն բանից հետո, երբ Սաքունցը հայտարարեց, որ ցուցադրությունը հետաձգվում է: Բորբոքված ամբոխը պահանջում էր ոչ թե հետաձգել, այլ չեղյալ հայտարարել:
Հավաքվածները ձվեր էին նետում գրասենյակի ուղղությամբ: Ազատամարտիկ Ազատ Մկոյանը վրդովմունքը չէր կարողանում զսպել. «Ո՞նց կարելի է անարգել մեր հերոսներին: Կա՛մ սա կազմակերպված ակցիա է ադրբեջանցիների կողմից, որ սրանք փող են վերցրել, ցույց են տալիս, կա՛մ էլ ինքը չհասկանալով էսքան մարդկանց հանել ա իրա դեմ»: Վանաձորցիները չեն հավատում, որ Հայաստանում կգտնվի թեկուզ մեկը, ում կհետաքրքրեն ադրբեջանական կինոարտադրության 4 կարճամետրաժ ֆիլմերը:
«Ուղղակի ասում են, որ հետաձգվում է: Այսինքն` հնարավոր է մեկ շաբաթ հետո նույն փառատոնը տեղի ունենա: Մենք կտրականապես դեմ ենք: Թող հրաժարվեն ընդհանրապես Վանաձոր քաղաքում փառատոն կազմակերպելուց»,-խոսքը եզրափակեց բլոգեր Մանվել Կոստանդյանը: Ինքնաբուխ հավաքի մասնակիցները խոստացան տապալել սպասվող ցուցադրությունը` պահանջելով ինքնակամ հրաժարվել փառատոնի անցկացման մտքից:
Ամբոխն աստիճանաբար անկառավարելի էր դառնում, նրանք պահանջում էին Սաքունցից դուրս գալ եւ չեղյալ հայտարարել ցուցադրությունը: Րոպեներ անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ ապրլի 17-ին հայտարարված փառատոնը չի լինելու: Սաքունցը խոստացավ գրավոր ներկայացնել որոշումը: Երթի մասնակիցները շարժվեցին Հայքի հրապարակ:
Իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարել է, որ տեղի է ունեցել իրավապաշտպան գործունեության եւ այդ գործունեությունն իրականացնողների նկատմամբ կազմակերպված բռնություն ոստիկանության աշխատակիցների անգործության պայմաններում, եւ ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս