ԼՈՌԻՆ ԿՐԱԿԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ապրիլի կեսն է, իսկ Լոռին դեռ այրվում է: Անտառները ծխում են, կրակը վերացնում է ճանապարհին պատահածը: Միայն վերջին երկու օրերին տեղի է ունեցել 38 հրդեհ` 14-ն անտառային, 18-ը չոր խոտածածկ տարածքներում: Այս պահին հրդեհները շարունակվում են: ՀՓԾ Լոռու մարզի բնակչության պաշտպանության բաժնի պետ Սեյրան Խաչատրյանը երեկ` մեզ հետ զրույցում, տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ ունենք երեք հրդեհի ահազանգ եւ չորս շարունակվող հրդեհ: Ներկա պահին մեր բոլոր հրշեջ մասերը դուրս են եկել հրդեհաշիջման աշխատանքների»: Լոռու գրեթե բոլոր տարածաշրջաններում անտառները կրակի մեջ են, սակայն դրանք հատկապես մեծ թիվ են կազմում  Թումանյանի տարածաշրջանում: Այս պահին հրդեհաշիջում է կատարվում հենց այնտեղ եւ Վանաձորի լեռներում: Սկսած մարտի 19-ից` Լոռին հանգիստ չունի: Ակտիվացել են հատկապես անտառային եւ չոր խոտածածկ տարածքների հրդեհները: Մինչեւ ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում ԼՄՓՎ դիսպետչերական կետում գրանցվել է 195 հրդեհ, որից 50-ը անտառային, 117-ը չոր խոտածածկ տարածքներում: Սակայն այդ թիվը հնարավոր է փոփոխվի, քանի որ վերջնական  ուսումնասիրություն դեռ արված չէ: «Գոգավանի տարածքում, ինչպես գիտեք, մեծ հրդեհ տեղի ունեցավ, պետք է հաշվարկվի այնտեղից ինչքանն է անտառային տարածք, ինչքանը` չոր խոտածածկույթ: Այդ իսկ պատճառով կոնկրետ թվեր այս պահին ասել հնարավոր չէ»,-եզրափակում է Խաչատրյանը: Տարվա սկզբից մարզում հրդեհներն ընդգրկել են մոտ 272 հա անտառային տարածքներ: Անտառներին հասցված վնասը կպարզի փորձագիտական ուսումնասիրությունը: Իրավիճակը փոքր-ինչ կարող են մեղմել սպասվելիք տեղումները:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս