ԳԱԶԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
Իշխող մեծամասնությունն իր պահվածքով նմանվել է մանկապարտեզի երեխայի: Ընդամենը երկու շաբաթ առաջ, մերժելով խորհրդարանական խմբակցությունների հեղինակած Հայաստանի գազամատակարարման ոլորտի խնդիրների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, հիմա իրենք են նույնաբովանդակ փաստաթուղթ բերել ԱԺ: Ասել է թե՝ ՀՀԿ-ի համար կարեւոր է ոչ թե նախագծի բովանդակությունը, այլ որ անպայման իրենք լինեն նախաձեռնողն ու հեղինակը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացրած նախագիծն իր բովանդակությամբ առանձնապես չի տարբերվում ոչ իշխանական ուժերի ներկայացրած փաստաթղթից: ԱԺ չորս խմբակցություններն առաջարկում էին, որ հանձնաժողովն ուսումնասիրի հետեւյալ խնդիրները. «ՀՀ ՌԴ-ից ներմուծվող գազի դիմաց 2011 թվականից ձեւավորված ՀՀ պետական պարտքի հիմնավորվածությունը, չափը եւ դրա մարման օրինականությունը, գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները»:
Այսօր իշխանական կոալիցիան, այս երկու հարցից բացի, առաջարկում է նաեւ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դարձնել հետեւյալ հարցերը. «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունը, բնական գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունների կանխատեսումները, ՀՀ օրենսդրությամբ ՀՀ-ի համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձեւավորման գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը» եւ այլն: Այլ կերպ ասած` հանձնաժողովի խնդիրների առումով իշխանությունների առաջարկածը ոչ միայն չի հակասում չորս խմբակցությունների ներկայացրածին, դեռ ավելին` իրենք ավելի են ընդլայնել խնդիրները:
Որոշակի տարբերություններ կան հանձնաժողովի կազմավորման սկզբունքի վերաբերյալ. իշխանություններն առաջարկում են հանձնաժողովը կազմավորել ՀՀԿ-ից 4, ԲՀԿ-ից 2, իսկ մյուս խմբակցություններից մեկական ներկայացուցիչներից: Իսկ ոչ իշխանական ուժերն առաջարկել էին հանձնաժողովում ներառել յուրաքանչյուր խմբակցությունից 1 պատգամավոր: Բացի այդ` իշխանությունները ցանկանում են, որպեսզի հանձնաժողովը գործի մինչեւ նոյեմբեր, իսկ ոչ կոալիցիոն խմբակցությունները` մինչեւ մայիս: Եւս մեկ տարբերություն. ընդդիմությունն առաջարկում է, որպեսզի հանձնաժողովի նիստերը լինեն բաց, իշխանությունները` փակ:
Տրամաբանությունը հուշում է, որ եթե ՀՀԿ-ականները համաձայն էին հանձնաժողով ձեւավորելու գաղափարին, ապա բովանդակային հարցերի վերաբերյալ պետք է իրենց առաջարկներն անեին նախագծի հեղինակներին եւ միայն մերժվելուց հետո քվեարկությամբ իրենց անհամաձայնությունը հայտնեին: Այնինչ, ՀՀԿ-ականներն առանց որեւէ առաջարկ անելու, գերադասեցին կոճակային մեծամասնությամբ մերժել նախագիծը, հետո բերել սեփականը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե ՀՀԿ-ի քայլն անիմաստ էր: «Տղայական ցածրարժեք ինքնասիրություն է դա, ոչինչ ավելի»,-ասաց Մանուկյանը: Վերջինս նշեց, որ եթե ՀՀԿ-ն խելամիտ առաջարկներ է արել, ՀԱԿ-ը միացել է դրանց ու կողմ քվեարկել, այնինչ` ՀՀԿ-ն մշտապես մերժել է իրենց առաջարկները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ անտրամաբանական որակեց իշխանությունների քայլը: «Քաղաքական ամբիցիաներով պետք չէ տառապել»,- խորհուրդ տվեց նա:
Կրքերը թեժանում են
ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց հեղինակած նախագիծը, պնդում էր` այն հավասարակշռված է: Պարզաբանելով, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ոչ իշխանական չորս ուժերի առաջարկը, Հարությունյանն ասաց. «Համաձայնելով բովանդակային խնդիրների հետ մենք մերժել ենք մոտեցման ձեւերը եւ առաջարկում ենք ավելի հավասարակշռված, պատասխանատու մոտեցում»: Այս տեսակետին երեկ հակադարձեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ համաձայն չէ հնչեցված գնահատականներին: «Տպավորությունն այնպիսին է, որ մեր մտահոգությունը քաղաքական շահարկում է, ձեր մտահոգությունը` մաքուր, զտարյուն: Դա այդպես չէ»,-ասաց նա: Զոհրաբյանը նաեւ նշեց, որ իրենց համար անընդունելի է հանձնաժողովի գործունեության ժամկետը. պատգամավորի կարծիքով` հանձնաժողովը պետք է գործի ոչ թե մինչեւ նոյեմբեր, այլ մինչեւ մայիս, այլապես, ըստ նրա, իշխանություններն այդ ժամկետը կօգտագործեն հասարակական բողոքի ալիքը մաշեցնելու համար: «Քաղաքական իշխանությունը չունի վստահության այն ռեսուրսը, որ չկարծենք, թե մինչեւ նոյեմբերն այն ժամկետն է, որ դուք ուզում եք խնդիրը քնեցնել»,-ասաց նա: Ի դեպ, հանձնաժողովի նիստերը փակ անցկացնելու տարբերակին էլ դեմ են ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ եթե իշխանություններն այս հարցերում չգնան զիջումների, ապա առանվազն երեք խմբակցություն` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, կբոյկոտեն հանձնաժողովի աշխատանքները:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ին լինելու է հրապարակում: Հարցին, թե որ՝ Ազատության, թե Մյասնիկյանի արձանի հարակից հրապարակում, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն են լինելու, պատասխանեց. «Այդ օրը կգաք ու կտեսնեք»:
ԴԵՌ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում դեռ շարունակվում է ներկրված հավկիթի վաճառքը: Դա չի վրիպել նաեւ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի աչքից: «Թեկուզ քիչ քանակությամբ, բայց շարունակվում է ներկրումը: Ավելին՝ այն 2-3 դրամով էժան է վաճառվում արտադրվածից: Ներկրում են ու սխալ մակնշում եւ այդպես էլ վաճառում: Ո՞վ է տեսել, որ ձուն 65 օր պիտանելիության ժամկետ ունենա: Այն 25-րդ օրը պետք է հանվի»,-դժգոհեց Ստեփանյանը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ երեկ ձու արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ են անցկացվել հետագա քայլերը որոշելու համար. «Պետք է մեթոդներ մշակենք, որպեսզի պայքարենք ներկրված հավկիթի դեմ: Իսկ հիմա շատ ձու ունենք»:
Մինչդեռ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը Հայաստան է ներկրվել 21 հազար 824 հավկիթ: Դրանք հիմնականում բերվել են Բուլղարիայից եւ Ուկրաինայից:
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները դրամահավաք են կազմակերպել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի՝ վերջերս աշխատանքից ազատված աշխատակիցների համար: Հիշեցնենք, որ մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել էր 3 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը՝ ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի բողոքի ակցիային մասնակցելու համար: Եվ ազատվելուց հետո մոտ 15 ընկերություն նրանց աշխատանքի էր հրավիրել: Աշխատակիցներից մեկը՝ Անդրանիկ Գեւորգյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դրամահավաքի նպատակը դատական ծախսերը հոգալն է: «Մենք պատրաստվում ենք դատարան հայց ներկայացնել: Ինչի համար էլ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից դրամահավաք է կազմակերպվել»,-ներկայացրեց նա՝ լրացնելով, որ այս ընթացքում մետրոպոլիտենի տնօրինությունից դեռ ոչ մի արձագանք չկա:
ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈ՞Վ
Նախօրեին Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությանը, տնտեսական համագործակցությանը եւ դոնորների համաժողովի անցկացմանը: Ի դեպ, վերջինի մասին հիշատակել է ՌԴ վարչապետը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՍԵՎԱՍՏՈՊՈԼԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ Է
Սեւաստոպոլը դիմակայելու է ուկրաինացի ազգայնականներին: Փետրվարի 23-ին քաղաքապետարանի առաջ տեղի ունեցած ցույցի մասնակիցները որոշել են, որ քաղաքը պետք է կառավարի Ռուսաստանի քաղաքացի, տեղի գործարար Ալեքսեյ Չալին: «Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքը եւ թույլ չենք տա ոչ ոքի մեզ պայմաններ թելադրել, այն էլ` ազգայնականներին»,-խոստացել է նա: Արդեն իսկ կամավորների շարքերից ինքնապաշտպանության ուժային ջոկատներ են ստեղծվում: Հաղորդվում է, որ քաղաքի մուտքի ճանապարհներին հակատանկային «ոզնիներ» են հայտնվել:
ՀԵՏՆԵՐԸ ՉՏԱՐԱՆ
Ուկրաինական իշխանությունների կապիտուլյացիայից հետո ակտիվիստները մուտք են գործել նրանց շքեղ դղյակները, որոնց կնախանձեին անգամ ամենահարուստ ֆեոդալները: Դրանց շարքում առանձնանում է Ուկրաինայի արդեն նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի առանձնատունը, որի սեփականատերը փախուստից առաջ չի հասցրել հավաքել իրերը: Առանձնատանը հայտնաբերված տասնյակ հնագույն սրբապատկերները, արվեստի գերթանկարժեք նմուշներն ու տան խելահեղ շքեղությունն ամբողջանում են Ուկրաինայի գլխավոր դատախազի` Կեսարի հանդերձանքով լուսանկարով: Պակաս հետաքրքիր չեն նաեւ Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Յանուկովիչի առանձնատանը հայտնաբերված գերթանկարժեք ավտոմեքենաների հավաքածուն, կենդանաբանական այգին, ոսկե զուգարանակոնքը եւ վերին ատյանի դատավորի հանդերձանքով լուսանկարները, որոնք երեկ հեղեղել էին մամուլը: Ի դեպ, Յանուկովիչի առանձնատանը լուսանկարել են նաեւ «Նոյ» գործարանի արտադրած «Հայկական կոնյակ»-ի անվանական տակառ, որը, ամենայն հավանականությամբ, նրան է նվիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
ՎԱԽԻՑ ՓԱԽԵԼ Է
ԱԱԾ պետի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ԱԱԾ-ում սկսվել է ներքին ծառայողական քննություն, որը, ըստ «Առաջին լրատվական»-ի, այնքան է վախեցրել Հարությունյանին, որ նա շատ արագ հեռացել է Հայաստանից: Կարճ ժամանակ եղել է ՌԴ-ում, ապա հասկանալով, որ այնտեղ եւս ապահով չէ, հեռացել է անհայտ ուղղությամբ: Չի բացառվում, որ ներքին ծառայողական քննությունից հետո նաեւ քրեական գործ հարուցվի: Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունը կապված է ոչ միայն «Հայբիզնեսբանկ»-ի, այլեւ մի շարք այլ մութ գործարքների հետ: ԱԱԾ պետի նախկին տեղակալը «տանիք» է կանգնել մի շարք անձանց, որոնք կասկածելի գործարքների մեջ են եղել:
ՄՈՍԿՎԱՅՈ՞ՒՄ Է
Ուկրաինայի Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում է. «Յանուկովիչին նկատել են Մոսկվայի պատրիարքարանի վանքերից մեկում թիկնազորի եւ մոտ շրջապատի հետ: Նրա հետ եղած մարդկանց ընդհանուր թվաքանակը մոտ 1000 է»: Երեկվա դրությամբ այդ տեղեկությունը չէր հաստատվել, սակայն նաեւ չէր հերքվել: