Ինքնակամ շինություններ ապամոնտաժող խմբի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ Մենք` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում կառուցված ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը նախաձեռնած բրիգադների անդամներս, կրկին հրապարակավ հայտարարում ենք, որ անտեսելու ենք առանց օրինական հիմքերի այդ շինությունների պաշտպանության նպատակով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, չենք ենթարկվելու ոստիկանության անօրինական հրամաններին և ապամոնտաժելու ենք ինքնակամ շինությունները։
Մեզ համար ակնհայտ է, որ Մաշտոցի այգում մինչ օրս ոստիկանության կատարած բոլոր գործողությունները` ներառյալ 2012 թվականի ապրիլի 15-ին այգում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված և իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը, չեն համապատասխանում այդ իրավապահ մարմնի` օրենքով սահմանված լիազորություններին։
Ստիպված ենք հիշեցնելու ոստիկանությանը, որ Հայաստանի գործող օրենսդրության համաձայն վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է`1. այնպիսի մի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, հանրային սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, երբ այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի.2. ի պաշտպանություն հակաիրավական  ոտնձգությունից պետական կամ հասարակական կարգի, հանրային սեփականության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, կառավարման սահմանված կարգի ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդ որում` թույլ չտալով անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:
Կրկին հայտնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը, ով նախապես գրավոր տեղեկացրել է ոստիկանությանը իր քաղաքացիական անհնազանդության մասին և ցուցաբերել է այդ անհնազանդությունը փաստացի կատարված գործողություններով, խորին համոզմունք ունի, որ, չենթարկվելով պետության ներկայացուցիչների անօրինական հրամաններին, կատարում է իր քաղաքացիական պարտքը  և, անտեսելով պետության կողմից պատժիչ և/կամ ռեպրեսիվ գործողությունների կիրառման հնարավորությունը, պատրաստ է առանց բռնության իրականացնել իր առջև դրված նպատակը։Ուստի ոստիկանությանը տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին Մաշտոցի այգում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել է քառասունից ավել քաղաքացի, որոնք բոլորը` հեռացնելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց և հանրության իրավունքների իրացման նպատակով մտել են ոստիկանների կողմից անօրինական հիմքերով պահպանվող տարածք և փորձել ապոմոնտաժել այնտեղ գտնվող ինքնակամ շինությունը: Այդ փաստից ելնելով համոզմունք ենք հայտնում, որ ոստիկանության կողմից իր ենթադրյալ լիազորությունների շրջանակում ապամոնտաժող բրիգադների չորս անդամների նկատմամբ հարուցված և իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը ոչ միայն անօրինական է, այլև ձևական բնույթ ունի։ Եթե ոստիկանությունը ի զորու չէ իր վարույթում ընդգրկելու տվյալ դեպքին մասնակցած բոլոր ապամոնտաժողներին, ապա մենք պատրաստ ենք այդ գործում առկա ձևականությունը վերացնելու նպատակով ոստիկանությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։Միևնույն ժամանակ տեղյակ ենք պահում, որ պետության որևէ պատժիչ և/կամ ռեպրեսիվ գործողության կիրառումը որևէ կերպ չի կարող մեր հայտարարած նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողություններից հրաժարվելու հիմք դառնալ։
 




Լրահոս