Թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական, ՀԱԿ անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ընտրատարածքի ժողովուրդն արդեն չի խաբվում ընտրակաշառքներով եւ այս անգամ ավելի համախմբված է:
-Ձեր մրցակիցը «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանն է, որին, կարելի է ասել, սատարում է ամբողջ իշխանությունը եւ, ի վերջո, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ի՞նչ հույսեր ունեք:
-Ուրեմն ասեմ, որ ավելի անելանելի վիճակներից եմ դուրս եկել, ներկայում իմ դեմ պայքարող ուժը` իր առաջնորդներով հանդերձ, համոզված եմ, շատ ավելի թույլ հակառակորդ է, քան ունեցել եմ առ այսօր: Հիմա ժամանակները փոխվել են, ժողովուրդն արդեն հասել է այն պահին, երբ էն որ պռուժինով սեղմում են` այդ վիճակին, ու ինքը թույլ չի տա, որ իրեն ավելի սեղմեն: Նշեցիք, որ ողջ իշխանությունն է իմ դեմ դուրս եկել, ոչ միայն իմ դեմ, այլեւ նրանց դեմ, ովքեր ցանկություն ունեն ազատ խոսելու, վստահեցնում եմ, որ բոլոր նման մարդկանց դեմ պայքար է գնում: Վրեժ Մարկոսյանն իր ամբողջ շքախմբով վախեցած է ոչ թե Պետրոսյան Ռազմիկից, այլ վախեցած է ժողովրդից: Ես առաջին անգամ է, որ համախմբված եմ տեսնում մեր ժողովրդին:
-Ձեր տարածքի բնակիչներն արդեն ահազանգում են, որ Ձեր մրցակիցները պարարտանյութ են բաժանում` որպես ընտրակաշառք, ինչպե՞ս եք պայքարելու այդ ամենի դեմ:
-Ես գյուղ առ գյուղ անցնում եմ, խոսում եմ իմ ժողովրդի հետ, տեղեկացնում եմ, թե ինչ վիճակ է, ինչ է կատարվում: Որքան էլ իրենք փորձեն ժողովրդին այլ ուղու վրա դնել, միեւնույն է, չի ստացվելու: Ասեմ, որ ինձ համար Վրեժ Մարկոսյանն ամենաթույլ թեկնածուն է, ինքն ամբողջ կյանքն աշխատել է միայն իր համար, ես ամբողջ իմ կյանքի ընթացքում մարդկանց խնդիրներն իմ սեփական խնդրի պես եմ ընդունել եւ փորձել եմ օգնել, ինչով կարողացել եմ: Ուրեմն ասեմ` ինքը մեծահարուստ է, ունի միջոցներ, «Ջրաբերդ» համալիր ունի:
-Այսինքն` Դուք էլ եք կարծում, որ իր այդ ռեսուրսներով Մարկոսյանը կարող է հաղթանակի հասնել:
-Չէ՛, այդպես չէ, ուրեմն աշխարհի ամենամեծ հարստությունը անունն ու հեղինակությունն է, իսկ այդ ամենը երբեք հնարավոր չէ գնել: Ժողովուրդն արդեն այդ ամենը զգացել է, ոչ մի տեսակ գումար չի կարող վերականգնել այն, ինչ որ չկա: Հիմա ժողովուրդը չի ճանաչում Վրեժ Մարկոսյանին: Նրան, ասենք, ճանաչում են Աղվան Հովսեփյանով, իսկ ինձ ճանաչում են Պետրոսյան Ռազմիկ` մարդ, որն իր կատարած աշխատանքով ապացուցել է, որ կարող են վստահել: Ես ավելի շատ եմ հնարավորություններ ունեցել շատ ավելի մեծահարուստ լինելու, բայց ես դա չեմ ուզել եւ գնացել ու պայքարել եմ իմ ժողովրդի համար:
-Նշեցիք, որ Վրեժ Մարկոսյանին մրցակից չեք համարում, Ձեր ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուն ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանն է, նրա՞ն եք Ձեր մրցակիցը համարում:
-Մենք քաղաքական պայքարի մեջ ենք, էդպես մրցակից ասել… ուղղակի, ասենք, ես չեմ պատկերացնում, որ Վրեժին ժողովուրդը ձայն տա, կամ Ձեր ասած ԲՀԿ-ական թեկնածուին: Ժողովուրդն այսօր հասկանում է, որ իր քվեն իր երեխայի ճակատագիրն է, եթե կարող են վճարել այնքան գումար, որ մարդը վաճառի իր երեխայի ճակատագիրը, այդ դեպքում ես ոչ մի բան չեմ կարող ասել: Մանավանդ ասեմ, որ ե՛ւ Արագածի, ե՛ւ Աշտարակի, ե՛ւ Ապարանի ազգաբնակչությունը, ինչքան էլ ուզում ես ինֆորմացիայի պակաս ունենան, միեւնուն է, այս իշխանությունների հետ իրենց հույսն արդեն չեն կապում: Ասեմ` նույնիսկ եթե այս իշխանություններն ինձ պաշտպանեին, ես չէի անցնի, որովհետեւ ժողովուրդը չի ընդունում այս իշխանություններին:
-Իսկ քարոզարշավների ժամանակ խոչընդոտների հանդիպե՞լ եք:
-Չէ՛, ո՞վ ռիսկ կանի խոչընդոտի: Երեւանում մի 20 կին կարան գտնեն նման բաներ անելու համար, բայց ես էս հողի ու ջրի տղա եմ: Մենք ազնիվ թիմ ենք ներկայացնում, մեր գործը ճիշտ է:
-Պարո՛ն Պետրոսյան, Ձեր փոխարեն իր թեկնածությունը պետք է առաջադրեր ՀԱԿ ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը: Հիմա ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք նրա հետ, նա Ձեզանից նեղացա՞ծ չէ:
-Մենք միասին ենք ծառայել, ամբողջ քաղաքական պայքարի ժամանակ եղել ենք միասին: Այս անգամվա առաջադրման հարցում ես կապ չեմ ունեցել, որոշվել է, որ համամասնական ընտրացուցակում լինի Մյասնիկ Մալխասյանը, իսկ մեծամասնականով ես իմ թեկնածությունն առաջադրեմ: Ինքը ՀԱԿ-ին շատ ավելի մեծ քվեներ կբերի: Իսկ մեր փոխհարաբերություններն ընտիր են. երկու հարազատ եղբայրների միջեւ հարաբերությունները ո՞նց կարող են լինել:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՎՐԵԺ ՄԱՐԿՈՍՅԱՆՆ ԱՄԵՆԱԹՈՒՅԼՆ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ