«ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԷ, ՓՈՂԸ ՄՈՒԾՈՒՄ ԱՌՆՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծամասնական ընտրակարգով թիվ 14 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը բոլորին էլ իրեն մրցակից է համարում, իսկ արդյունքները կերեւան մայիսի 7-ին:
-Պարո՛ն Մարկոսյան, Շենավան գյուղի մի քանի բնակիչներ մեզ տեղեկացրել են, որ Դուք իրենց տարածաշրջանում պարարտանյութ եք բաժանում` որպես ընտրակաշառք:
-Աղջի՛կ ջան, ոչ թե պարարտանյութ եմ բաժանում, այլ օգնում եմ, որ գյուղացիները իրենց պարարտանյութերը ժամանակին եւ էժան առնեն: Վա՞տ բան եմ անում:
-Բայց ինչո՞ւ որոշեցիք զբաղվել գյուղացիներին օգնելով հենց հիմա` ընտրությունների նախօրեին, այն էլ մի ընտրատարածքում, որտեղ առաջադրվել եք:
-Եթե ես բաժանում եմ, թող ինքն էլ կրկնակի բաժանի, ի՞նչ կլինի:
-Դա ոչ թե Ձեր մրցակից թեկնածուն է ասում, այլ Շենավան գյուղի մի քանի բնակիչներ:
-Դա ընտրակաշառք չէ, աղջի՛կ ջան, իրենք փողը մուծում առնում են:
-Այսինքն` Դուք միմիայն օգնում եք, որպեսզի պարարտանյութը ժամանակին տանեն, իսկ գյուղացիներն իրենց գումարով գնո՞ւմ են:
-Հա՛, ընդամենն օգնում եմ, որ տանեն գյուղեր, ի՞նչ ա, վա՞տ ա: Ո՞վ է ասել, որ անվճար է տրամադրվում էդ պարարտանյութը: Ո՛չ, անվճար չի, մարդիկ վճարում ու պարարտանյութ են առնում:
-Ձեր ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած ՀԱԿ ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Դուք իր համար ամենաթույլ մրցակիցն եք:
-Ես իրա մակարդակին երբեք չեմ իջնի, աղջի՛կ ջան, ավելի լավ է գիտունին գերի լինել, քան անգետին աղա: Ամսի 7-ը ցույց կտա, թե ով է թույլ, եւ ով է ուժեղ: Եկե՛ք, մի անգամ մեր քարոզարշավներին մասնակցե՛ք, տեսե՛ք, թե ինչ լավ են մեր քարոզարշավներն ընթանում: Ինձ շատ մեծ ցնծությամբ են դիմավորում, կենդանի երաժշտությամբ: Ես էդ գյուղացիներից մեկն եմ, աղջի՛կ ջան:
-Իսկ ո՞ւմ եք համարում Ձեզ մրցակից թիվ 14 ընտրատարածքում:
-Ես ոչ մեկին էլ թույլ չեմ համարում, երեքս էլ մրցակից ենք, իսկ արդյունքները կերեւան ամսի 7-ին:
-Ըստ  ՀՀ ընտրական օրենսգրքի` թեկնածուն իրավունք չունի սննդի օբյեկտների վրա փակցնել նախընտրական պաստառներ, սակայն Ձեր նախընտրական պաստառները փակցված են կոնկրետ Աշտարակ քաղաքի սննդի օբյեկտների վրա, փաստորեն, Դուք օրենք եք խախտում:
-Դա վերաբերում է միայն Երեւան քաղաքին: Գյուղերում համայնքը որոշում է կայացնում եւ իրավունք է ստանում պաստառներ փակցնել: Մենք օրենքի խախտում թույլ չենք տվել` գովազդի առումով:
-Պարո՛ն Մարկոսյան, Ձեր կարգախոսը` «Ես ձեզանից մեկն եմ»,  բնակիչները մեկնաբանում են հետեւյալ կերպ եւ հարց են ուղղում. եթե Դուք իրենցից մեկն եք, արդյոք դա նշանակում է, որ Դուք էլ իրենց նման չունեւոր, օրվա հացը հազիվ վաստակող, խեղճ ապրող գյուղացի եք:
-Ես հարուստ եմ, աղջի՛կ ջան, ես չունեւոր չեմ, իսկ ինչ վերաբերում է «Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսին, դա նշանակում է` գյուղում ծնված, գյուղացու ծոցից դուրս եկած մարդ եմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս