ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ «ՆԵՂՆ» ԷԻՆ ԳՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 15:00-ին, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում իսկական «բունտ» սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մուտք գործեց համալսարան: Աշոտյանը եկել էր` համալսարանի ուսանողների հետ հանդիպելու եւ զրուցելու, սակայն մոտ երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ ուսանողները չդադարեցին վանկարկել «Զոլյա՛ն, հետ բերեք Զոլյանին» բառերը: Երբ ուսանողները, ի վերջո, որոշեցին հարց ու պատասխանի միջոցով պարզել իրենց նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման պատճառները, հանկարծ բեմին հայտնվեց մի երիտասարդ եւ տեղեկացրեց, որ իրենց ակտիվ ուսանողներից Նարեկին ոստիկանությունը բաժին է տարել:
Նախ մի քանի բառով հիշեցնենք, թե որտեղից է սկսվել այս պատմությունը, եւ ինչու  են բողոքում համալսարանի ուսանողները: Տեղեկացրել էինք, որ Սուրեն Զոլյանը, ռեկտորի պաշտոնին զուգահեռ, նաեւ Եվրախորհրդի փորձագետ է, ինչի պատճառով երբեմն բացակայում է աշխատանքից: Եւ ահա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արձանագրել էր, որ Զոլյանը, ըստ էության, ռեկտորի իր աշխատանքի հաշվին այլ աշխատանք է կատարել, ինչի համար ԿԳ նախարարը նկատողություն էր տվել նրան: Այնուհետեւ Աշոտյանի` ապրիլի 10-ի հրամանով ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ` հայտարարվել էր խիստ նկատողություն: Ավելի ուշ Աշոտյանը հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար, ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ. մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:
Այս ամենից հետո ուսանողները ցանկություն էին հայտնել հանդիպել ԿԳ  նախարարի հետ եւ պարզաբանել, թե ինչու է իրենց ռեկտորը ազատվել աշխատանքից, Արմեն Աշոտյանն էլ ընդունել էր այդ հրավերը: Ի սկզբանե որոշվել էր, որ ուսանողները Աշոտյանի հետ հանդիպելու են համալսարանի մեծ դահլիճում, սակայն ուսանողները փոխել էին իրենց մտադրությունը եւ իջել համալսարանի բակ ու այնտեղից պահանջում էին, որպեսզի նախարարն իջնի եւ պատասխանի իրենց հուզող հարցերին:  
 Ուսանողությունը բաժանվել էր երկու խմբի. մի մասը դահլիճում էր, իսկ մի որոշ զանգված էլ` համալսարանի բակում: Աշոտյանն իր խոստացած ժամին եկավ դահլիճ` ակնկալելով, որ ուսանողներն իրեն հարց կտան, իսկ ինքը կպատասխանի:  Սակայն ուսանողները, բակում հավաքված, վանկարկում եւ պահանջում էին, որ նախարարն իջնի ներքեւ: «Նա-խա-րա՛ր, ի-ջի՛, նա-խա-րա՛ր, ի-ջի՛, Զոլ-յա՛ն, Զոլ-յա՛ն, ար-դա-րու-թյո՛ւն» երկար ժամանակ վանկարկելուց հետո ուսանողները, տեսնելով, որ Աշոտյանն արդեն պատրաստվում է դահլիճում հավաքված ուսանողների հարցերին պատասխանել, որոշեցին ներխուժել դահլիճ եւ սկսեցին բղավել, ոտքերով հարվածել եւ պահանջել, որ նախարարն իջնի ներքեւ: Մոտ մեկ ժամ ուսանողները չդադարեցին վանկարկել իրենց ռեկտորի ազգանունը: Իսկ Աշոտյանը «քրտնած» վիճակում փորձում էր պատասխանել լրագրողների հարցերին` ձեւացնելով, թե իր շուրջը կատարվող «բունտն» իրեն չի հետաքրքրում:
Այդ ընթացքում համալսարանի ռեկտորի պարտականությունները ստանձնած Գաբրիել Բալայանը փորձում էր հանդարտեցնել ագրեսիվ ուսանողներին, սակայն նրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում. «Ուսանողներն ասում են, որ դահլիճի  տեղերի քանակը չի բավարարում, եւ պահանջում են, որ նախարարն իջնի ներքեւ, ինչպես տեսնում եք, փորձում եմ ղեկավարել, սակայն չեն լսում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Բալայանը:
Մոտ մեկ ժամ տեւած ուսանողների բղավոցներից, պահանջներից հետո Աշոտյանը որոշեց իջնել ներքեւ: Ուսանողները փակել էին համալսարանի բոլոր մուտքերը, որպեսզի Աշոտյանը չկարողանա դուրս գալ այնտեղից եւ մտնի համալսարանի ներսի հատվածում գտնվող բակ: Այդպես էլ եղավ. ուսանողները, միմյանց հրելով, ի վերջո մտան բակ ու սկսեցին իրենց հարցերն ուղղել նախարարին: Նրանք իսկապես անկառավարելի էին դարձել: Վերջիններս նախ հարց ուղղեցին, թե ինչու է նախարարը նկատողություն տվել Զոլյանին եւ հեռացրել համալսարանից: Նախարարը ներկայացրեց բոլոր իրավական կողմերը, որոնց պատճառով Զոլյանին հեռացրել է ռեկտորի պաշտոնից: Ուսանողների այն հարցին, թե հնարավոր չէ նորից վերականգնել Զոլյանին իր պաշտոնում, նախարարը պատասխանեց, որ գործն արդեն դատարանում է, իսկ նոր ռեկտորը շուտով կնշանակվի:  
Երբ Աշոտյանը պատասխանում էր ուսանողների հարցերին, հանկարծ հայտնվեց մի երիտասարդ եւ բարձրախոսով հայտարարեց, որ իրենց ընկեր Նարեկին ոստիկանությունը բաժին է տարել: Ուսանողները սկսեցին վանկարկել «Նա-րե՛կ, Նա-րե՛կ»: Մոտ երկու ժամ հետո, երբ Աշոտյանը որոշեց հեռանալ, ուսանողները սկսեցին պահանջել, որպեսզի Նարեկին ազատ արձակեն: Աշոտյանը ոստիկանության ուղեկցությամբ կարողացավ հեռանալ համալսարանից: Ավելի ուշ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ Նարեկին հրավիրել են բաժին,  բացատրություն են վերցրել եւ բաց թողել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս