Ապրիլի 18-ին Երեւանի «Հաղթանակ» կամրջից ցած նետված 33-ամյա երիտասարդը Շիրակի մարզից էր, նա Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի որդին է` Արման Մարգարյանը: Նրա դիակը Երեւանից արդեն տեղափոխել են Գյումրի` հոր բնակարան: Երիտասարդի գյումրեցի հարեւաններն ապշած են կատարվածից, քանի որ նրանք բնութագրում են Արմանին որպես գրագետ, հավասարակշռված ու խելացի տղայի: «Երկու որդի ունի Ալբերտը` մեկը մեկից լավն ու խելացի: Փոքրը «Էկոնոմ բանկ»-ի Գյումրու գրասենյակներից մեկի պատասխանատուն է, Արմանը ֆինանսների նախարարությունում էր աշխատում: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, խեղճ հայրը քիչ մնաց կաթվածահար լիներ, կծկվել, մի բուռ է դառել: Առանց այն էլ շատ հոգս ուներ, կնոջ ողնաշարը նոր էին վիրահատել, հիվանդ էր պահում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց հանգուցյալ Արման Մարգարյանի հոր հարեւաններից Ռազմիկ Զաքարյանը: Ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների` Արմանը, մինչեւ իր կյանքին վերջ տալը, դեպքից վայրկյաններ առաջ հենց կամրջի վրայից իր բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել կրտսեր եղբորը եւ հայտնել իր մտադրության մասին: Նաեւ տեղեկություններ են շրջանառվում, որ Արմանը մեծ պարտքեր է ունեցել: «Նախքան ֆինանսների նախարարությունում աշխատելը, նա Գյումրիում շինարարական կազմակերպությունների պատվիրատու է աշխատել, այդ ժամանակ էլ անդադար խոսում էին, որ պարտքեր ունի, բայց ինչ պարտքեր էին դրանք, որտեղից էին գոյանում` չեմ իմանում: Միշտ լավ աշխատել ու գումար ունեցել է»,-պատմեց մեզ Արմանի նախկին գործընկեր գյումրեցիներից մեկի կինը:
Մենք զրուցեցինք նաեւ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի վարչության պատասխանատու Խաչատուր Խնձրցյանի հետ: «Ալբերտին էլ, տղաներին էլ լավ եմ ճանաչում: Արմանը ֆինանսների նախարարությունում որպես վերահսկիչ էր աշխատում: Ամուսնացած էր, երկու երեխաների հայր: Նա խելացի, կրթված երիտասարդ էր, ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը, խելահաս մասնագետ էր, շինարարների մոտ մեծ հարգանք վայելող: Այնպես, ինչպես հայրը»,-ասաց Խաչատուր Խնձրցյանը:
Գործի վերաբերյալ ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գյումրի