«ՏԱՐԲԵՐ ՔԱՇԱՅԻՆ» ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքը ներառում է Նոյեմբերյանի ողջ տարածաշրջանը` տասնինը համայնք, Իջեւանի տարածաշրջանի տասնյոթ եւ Բերդի տարածաշրջանի ութ գյուղ: Այս ընտրատարածքում ի սկզբանե առաջադրված էին չորս թեկնածու, սակայն  ինքնաառաջադրմամբ հանդես եկած Տավուշի մարզի գազի ներտնային ծառայության տնօրեն Երվանդ Չիլինգարյանը եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության բանվորուհի Սուսաննա Աբրահամյանն ինքնաբացարկ հայտնեցին: Այսպիսով` թիվ 40 ընտրատարածքում մնաց երկու թեկնածու` «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանը: Երկուսն էլ անկուսակցական են, սակայն Մարինե Մարաբյանի թեկնածությունն առաջադրել է  Հանրապետական կուսակցությունը: Թեկնածուները թիվ 40 ԸԸՀ են ներկայացրել անցած տարվա իրենց եկամուտների հայտարարագրերը: Ըստ դրանց` Մարինե Մարաբյանի դրամական եկամուտն իր ղեկավարած «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» եւ «Մասիսի գոֆրոտարա» ՍՊԸ-ներից ստացած տնօրենի աշխատավարձն է` համապատասխանաբար վեց միլիոն 355 հազար 670 եւ մեկ միլիոն 964 հազար 270 դրամ: Իր եկամուտների թվում Մարինե Մարաբյանը նաեւ ներկայացրել է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ից վերցրած 22 միլիոն դրամ փոխառությունը:  Որպես անշարժ գույք` Մարինե Մարաբյանը նշել է Երեւանում ունեցած երկու բնակարանները` 77,9 եւ 63,2 քառակուսի մետր մակերեսներով: Իսկ Վարուժան Բաբաջանյանն իր հայտարարագրի մեջ դրամական եկամուտներ չի նշել: Նա նշել է  իր ունեցած 1999 եւ 2002 թվականների արտադրության երկու «Գազ-3110» ավտոմեքենաները եւ 1999 թվականի արտադրության «ՎԱԶ-2107» մեքենան: Որպես իր ունեցած անշարժ գույք` թեկնածուն նշել է Նոյեմբերյան քաղաքում 72 քառակուսի մակերեսով բնակարանը, որի համասեփականատերն է:
Եկամուտների հայտարարագրերից պարզ է, որ թիվ 40 ընտրատարածքում թեկնածուները ֆինանսական առումով «քաշային տարբեր կատեգորիա» ունեն: Վարուժան Բաբաջանյանը, ով գումարներ չի հայտարարագրել, մրցակցում է երկու մեծ ձեռնարկությունների տնօրենի հետ: Վարուժանի «խաղաքարտը» նոյեմբերյանցի լինելն է, իսկ Մարինե Մարաբյանին պաշտպանում է ՀՀԿ-ն: Սակայն Մարինե Մարաբյանին ամենամեծ աջակցությունը ցուցաբերում է Միքայել Վարդանյանը, ով անցած չորս տարում ընտրատարածքի համայնքներից յուրաքանչյուրում տարբեր ծրագրեր է իրականացրել: Մայիսի 6-ը դեռ հեռու է, սակայն այս ընտրատարածքում շատ բան կանխորոշված է թվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս