Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով հոսպիտալացված քաղաքացիներից մի քանիսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի առողջության բաժնի պետ Նունե Գեւորգյանից. «Իսկ մյուսների առողջական վիճակը լավանում է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով 14 քաղաքացի հոսպիտալացվել էր: Նրանց թվում կային նաեւ դպրոցահասակ երեխաներ: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ Քաջարանի ստացիոնար նմուշառման կետերից մանրէաբանական հետազոտության համար կատարվել է խմելու ջրի 12 նմուշառում եւ առաջնային ցանցում մնացորդային քլորի որոշում: Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի` քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում եւ միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը: Հետազոտությունները եւ հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ