ԴԱՏԱԽԱԶԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 36 ընտրատարածքում բավականին թեժ ընտրապայքար է ընթանում. այստեղ միմյանց դեմ պայքարում են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը, Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրը` պատգամավոր Մխիթար Վարագյանը, որը նախընտրական շրջանում շտապեց դառնալ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Պետոյանը, ինչպես նաեւ Արթիկի ոստիկանապետի եղբայրը` ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը:  Հիշեցնենք, որ այս ընտրատարածքն ընդգրկում է մարզի Արթիկի եւ Մարալիկի շրջանը` հարակից գյուղական բնակավայրերով:
Արթիկցիները մտահոգված են առաջիկա զարգացումներով, ենթադրում են, որ հնարավոր է` իրավիճակը բավականին սրվի. «Ընտրությունները դարձրել են ռազմի դաշտ: ՀՀԿ ու ԲՀԿ իրար դեմ են դուրս եկել, ժողովրդին էլ կխառնեն իրանց կեղտոտ խաղերի մեջ: Աստված տա` խաղաղ անցնի»,-իր մտահոգությունները մեզ հետ կիսեց արթիկցիներից մեկը: «Սաղ կրիմինալ ու եսիմ ինչ են: Մեր դարդն ու ցավն էնքան շատ է, հոգս էնքան ունինք, որ էդ թատրոնի գլուխը չունինք»,-ասաց Արթիկի բնակիչ, թոշակառու Կարո Հայկազյանը:
Այն, որ այս ընտրատարածքում իրավիճակը լարված է, չի ժխտում նաեւ Պետրոս Մակեյանը. «Եթե գլխավոր դատախազն է ներգրավված քաղաքականության մեջ, քարոզչության գործին, ի՞նչ արդարության կամ օրինականության, արդար ընտրությունների մասին կարող է խոսք լինել»: Նա «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ կիրակի օրը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եղել է Հայկաձոր համայնքում, մեկ հարկի տակ է հավաքել գյուղապետերին եւ հրահանգել աշխատել Հանրապետական թեկնածու Մխիթար Վարագյանի օգտին: Մակեյանը նաեւ պնդեց, որ Արթիկում եւ շրջակա համայնքներում ինտենսիվորեն մարդկանց տվյալներ են հավաքագրում. «Կոալիցիոն կուսակցություններն իրենց թեկնածուների միջոցով հավաքագրում են պոտենցիալ ընտրակաշառք վերցնողներին: Ժողովրդի հետ աշխատում են, համոզում, ասում` ձեզ ոչ մի բան չի լինելու, միակ քյարը էդ 5-10.000 դրամներն են: Մենք էլ զուգահեռ ենք աշխատում, փորձում հավասարակշռությունը պահել, որը բավականին բարդ է»:
Արթիկցիներից մեկը դատախազի այցելության վերաբերյալ ուշագրավ դիտարկում արեց. «Կասեի հալալ է Աղվանին, որ իմանայի` եկել է կաշառք տվողների ձեռքերը բռնի: Թե չէ որ եկել է գյուղացուն ահ տա, թե` սրա՛ն ընտրեք, ես ի՞նչ ասեմ նման  դատախազների ու դատավորների մասին»:
Դատախազի` Արթիկ մեկնելու կապակցությամբ պարզաբանում ստացանք ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակից: Սոնա Տռուզյանը չհերքեց, որ այց Շիրակի մարզ եղել է, բայց հորդորեց հարցը չքաղաքականացնել. «Յուրաքանչյուր տարի` ապրիլ ամսվա վերջի շաբաթ կամ կիրակի օրերին, Արթիկում տեղի է ունենում հուշ երեկո` նվիրված երգահան Հենրիկ Սուքիասյանի հիշատակին, ով նաեւ եղել է գլխավոր դատախազի ընկերը, եւ նա միշտ անձամբ է զբաղվել կազմակերպչական հարցերով: Նրա` ապրիլի 22-ին Արթիկ կատարած այցը եղել է այդ նպատակով եւ կրել նախապատրաստական բնույթ: ԱԺ ընտրությունները նկատի ունենալով` մի շարք հասարակական բնույթի ծրագրեր հետաձգվել են, սակայն միջոցառումներ կան, որոնք ունեն տասնամյակի ավանդույթ եւ հետաձգվել չեն կարող: Գլխավոր դատախազը ոչ մի հրահանգ չի տվել»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս