Ապրիլի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում պետք է կայանար Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի դատավարության հերթական նիստը: Սակայն ամբաստանյալի պաշտպան Մամիկոն Թորոսյանը վատառողջության պատճառով չէր ներկայացել, եւ դատը հետաձգվեց: Դատավոր Զոյա Զաքինյանից տեղեկացանք, որ գործով վկաների հարցաքննությունն ավարտված է, առաջիկայում դատարանում ցուցմունք կտան երկու ամբաստանյալները` գնդապետ Սերգեյ Կարապետյանը եւ գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այս դատավարությունը սկսվել է 2011թ. դեկտեմբերի 8-ին: Քրեական գործի նախապատմությունը հետեւյալն է: Իջեւանի տարածաշրջանի չորս բնակիչներ 2010թ. դեկտեմբերի 31-ին` տարեմուտից մի ժամ առաջ, դեղորայք էին տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, որն այդ զորամասում էր ծառայում: Տղաներին հանդիպել էր զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը, ով զայրացել էր նրանց այցից: Արդյունքում հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում էր եղել: Կարապետյանը նրանց բերման էր ենթարկել իր աշխատասենյակ: Ահաբեկված տղաները ցատկել էին երկրորդ հարկում գտնվող նրա աշխատասենյակից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը` ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով, Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել էր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Սերգեյ Կարապետյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից եւ կալանավորվել:
ԳՆԴԱՊԵՏԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ