“Ազգային պատկերասրահ” միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը կմեկնարկի վաղը՝ ապրիլի 28-ին, և կշարունակվի մինչև մայիսի 26-ը:
Փառատոնի հիմնադիրներից Մարիամ Շահինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2012թ-ը Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառումներին Հայաստանի Ազգային պատկերասրահի ներգրավվածության պատճառով, այս տարի փառատոնը կանցկացվի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: “Մենք հպարտությամբ զիջում ենք մեր սրահը գրքի տոնին և դա չի կարող խոչընդոտ լինել փառատոնի անցկացման համար”,-ասաց Մարիամ Շահինյանը: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ “Ազգային պատկերասրահ” միջազգային երաժշտական փառատոնը մի քանի նպատակ ունի: Դրանք են՝ հայ մշակութասեր հանրությանը ներկայացնել հայ և միջազգային կոմպոզիտորների աշխատանքները և դրանք ներկայացնել բարձրորակ երաժիշտների ու կատարողների միջոցով”Այս փառատոնը կարծես արվեստի տարբեր ճյուղերի փոխլրացում լինի, ինչն ավելի գեղեցիկ դարձնում այն: Բացի այն, որ հանրությունը հնարավորություն ունի ունկնդրել բարձրաճաշակ երաժշտություն, այլ նաև ծանոթանալ նաև արվեստի այլ բնագավառների հետ”,- ասաց նա: “Ազգային պատկերասրահ” միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը հանրությանը կներկայանա 6 համերգաշարով, որի շրջանակներում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերման, “Ակլարդիոն” դուետը, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի Ազգային օպերային թատրոնի մեներգիչների “Սուլիկո” համույթը:
Մարիամ Շահինյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում դաշնակահար Բորիս Բերմանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հանդես կգա վարպետության բաց դասերով: Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, ով իր խորհուրդներով օգնել է փառատոնի կազմակերպիչներին: “Ես մեծ ուրախություն եմ ապրում, որ շարունակվում է փառատոնի ավանդույթները”,- ասաց նա: Փառատոնն իրականացվում է “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության ամենամյա և շարունակական (2006թ) հովանավորության շնորհիվ: