ՕՐԵՆՔ ԳԵՐԱՎՃԱՐԻ` «ՄԱՂԱՐԻՉԻ» ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ ոմանք չարախնդան գործող  կառավարության գործունեության վրա, այնուամենայնիվ, ներկայիս կառավարությունը  լավագույնն է իր տեսակի մեջ: Եվ սա ամենեւին մերկապարանոց հայտարարություն չէ: Նախորդներից ո՞ր մեկն էր այսքան ականջալուր լինում  հասարակության պահանջներին, ոչ մեկը:Հիմա բացատրենք, թե ինչու: Այսօր գրեթե պատմական օր է. կառավարությունը  որոշել է հետեւել  ժողովրդի  բազմիցս  հնչեցրած առաջարկություններին եւ այսուհետեւ ինքն իրեն կպատժի` տույժեր վճարելով այն արտահանողներին, որոնց ժամանակին հետ չի վերադարձրել ավելացված  արժեքի հարկի գերավճարները: Կարեւորը առաջին քայլն է` կառավարությունը հասկացել է, որ միայն իրեն տուգանելով հնարավոր կլինի շտկել տնտեսության աղետալի վիճակը: Միակ մտահոգությունն այն է, որ կառավարությունը շատ չտարվի եւ, ի վերջո, տուգանքի ենթակա վճարման գումարները չգերազանցեն պետական բյուջեի ծավալները: Թե՛  Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք կառավարությունները միանշանակ վարում էին արտահանումը խաթարելու եւ ներմուծումը խթանելու` իրենց համար շահեկան քաղաքականություն: Եվ դա  վերաբերում էր ոչ միայն դրամի արհեստական արժեւորմանը: Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ անցած տարի արտահանումը տոկոսային տեսքով ավելի է աճել, քան ներմուծումը, այնուամենայնիվ, վերջինս մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը: Հայաստանը առեւտրային բացասական սալդո ունի աշխարհի գերակշիռ երկրների հետ: Ըստ գործող հարկային օրենսդրության` արտահանվող ապրանքները ազատված են ավելացված արժեքի հարկից: Սակայն տարիներ շարունակ օրենսդրության այս պահանջն անտեսվել է: Սահմանի վրա գանձվել է ավելացված արժեքի հարկը եւ   ձեւակերպվել է որպես գերավճար:  Սա լրջագույն  խոչընդոտ  էր արտահանման ծավալների մեծացման համար, որն իր հերթին վերջնականապես դեգրադացնում էր Հայաստանի տնտեսությունը: Այս խայտառակ իրավիճակը, ընդդիմությունից եւ տեղի տնտեսական փորձագետներից բացի, պահանջում էին լուծել նաեւ միջազգային ֆինանսական կառույցները:Ինչեւէ,  2009թ-ին ընդունված` «Ավելացված  արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում, կառավարությունը պարտավորվեց` տնտեսվարող սուբյեկտներին ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձն ուշացնելու դեպքում վճարել նաեւ տուգանքներ: Բայց դե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով օրենքի կիրառումը հետաձգվեց մինչեւ 2011 թվականը: Ճիշտ է,  կառավարությունն իր համար թողել է մի փոքր «հնարավորություն»` առանց  տույժի երեք ամսով ուշացնելով գումարի վերադարձը: Այդ երեք ամիսը, ամենայն հավանականությամբ, պետք կգա տնտեսվարող  սուբյեկտի հետ «բանակցելու»  համար, որպեսզի բոլորին էլ լավ լինի: Իսկ ով ուշ հասկացող կլինի, այդպես էլ սպասող կմնա գումարների վերադարձին: Եվ այստեղ բացվում է կոռուպցիան` իր անսահման հնարավորություններով: Բնական է, գործարարները բանկերից բարձր տոկոսներով վարկեր ստանալու փոխարեն, շահագրգռված կլինեն օր առաջ ստանալ գերավճարները: Եւ հաշվի առնելով Հայաստանում տիրող բարքերը` գործի կդրվեն «մաղարիչ համակարգի» բոլոր մեխանիզմները:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս