ԴԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ազատամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ժորա Աթոյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրա դեմ երկու ծանր հոդվածներով քրեական գործ է հարուցվել, նա մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ: Ապրիլի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած հերթական դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը դատարանում հրապարակեց մեղադրական ճառը` առաջարկելով Ժորա Աթոյանին դատապարտել ազատազրկման վեց տարի վեց ամիս ժամկետով:  Ապրիլի 23-ի նիստում  պատասխան ճառով հանդես եկավ Ժորա Աթոյանի շահերի պաշտպան Աննա Դավթյանը: Փաստաբանը մանրամասն անդրադարձավ գործում առկա բոլոր փաստերին ու վկայություններին` արձանագրելով, որ մեղադրող կողմն իր ձեռքի տակ չունի բավարար ապացույցներ ու փաստեր` Աթոյանին դրամաշորթության եւ «սիմուլյանտության» մեջ մեղադրելու համար: Ժորա Աթոյանը հրաժարվեց խոսել` խնդրելով դատարանից իրեն մի քանի օր ժամանակ տրամադրել, որպեսզի պատրաստվի ճառին: Հայցը ներկայացրած պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Դատարանից խնդրում եմ ամբողջությամբ բռնագանձել 8.733.879 դրամը, քանի որ ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության ընթացքում որեւէ մասով այն չի փոխհատուցվել»:
 Ազատամարտիկի շահերի պաշտպան Աննա Դավթյանը հանդես եկավ պատասխան ճառով` նշելով որ դատակոչված բոլոր վկաները` թե՛ ազատամարտիկները, թե՛ բժիշկներն ու զինկոմի աշխատակիցները, իրենց ցուցմունքներում չեն նշել որեւէ տեղեկություն, որը հիմնավորում է ՊՆ ներկայացրած մեղադրանքը: Հիշեցնենք, որ Ժորա Աթոյանը պնդում է, թե տեղի ունեցող դատավարությունները քաղաքական հետապնդում են, եւ իրեն փորձում են «պատժել» իր ընդդիմադիր հայացքների համար. «Անօրինականություն չեմ արել, ես օրենք չեմ խախտել, ես կեղծ փաստաթուղթ չեմ օգտագործել, որովհետեւ դրա կարիքը չեմ ունեցել»:
Նշենք, որ Ժորա Աթոյանն այս գործով միայնակ չէ: Կան էլի քաղաքացիներ, որոնց նկատմամբ ՊՆ-ն ներկայացրել է նույն մեղադրանքը: Այդ գործերը դեռեւս նախաքննության փուլում են եւ շուտով կմտնեն դատարան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս