Եզդիները կհավաքվեն Մոսկվայում և հանգանակություն կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը վաղը մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Ա. Թամոյանը, մեկնման նպատակը Հայաստանում հավաքված գումարը այնտեղ տանելն է և ընդհանուր հաշվեհամարին փոխանցելը:

Ազիզ Թամոյանի փոխանցմամբ` Սինջարում ցեղասպանության ենթարկվող իրենց հայրենակիցներին օգնելու նպատակով իրականացվող դրամահավաք է անցկացվում նաև Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում, և այստեղ հավաքված գումարն արդեն պետք է միացնել Ռուսաստանում հավաքված գումարին:

«2 օրից Մոսկվայի եզդիների մեծ համայնքնում հավաք է լինելու, և այնտեղ պարզ կդառնա, թե մինչ այս պահը որքան գումար է գանձվել: Պետք է ամեն ինչ արվի մեր ժողովրդին օգնելու և կարեկցելու համար»,- հավելեց Եզդիների միության նախագահը:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է` Հայաստանի մի շարք մարզերում և դրանց համայնքներում դրամահավաք է իրականացվում` Իրաքում ցեղասպանության ենթարկվող եզդիներին օգնելու համար:




Լրահոս