«ԽՂՃԻՍ ԴԵՄ ԳՆԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապագայում լավ երկիր ունենալու հույսով է, որ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ շարունակում է ապրել Հայաստանում` պահանջելով արդարություն:
-Ինչպիսի՞ երկիր եք ուզում Ձեր, մեր երեխաների համար:
-Արդար, ամենաառաջին պահանջս` արդար, որովհետեւ անարդարությունը մի սարսափելի զգացում է: Անարդարությունից վիրավորված մարդը սխալներ կգործի, նա կարող է ուրանալ ե՛ւ ազգը, ե՛ւ երկիրը, որովհետեւ անարդարությունը բերում է չհավատալուն:
-Որպես արվեստագետ` ի՞նչն է Ձեզ այսօր պակասում մեր երկրում:
-Գիտեք, եթե ես բավարարվեմ ամեն ինչով, ես կդադարեմ արվեստագետ լինելուց: Արվեստագետը միշտ փնտրում ու ցանկանում է գտնել նորը, նոր բարձունքներ հաղթահարել: Իսկ ինձ պակասում է արվեստի կարեւորության պակասը, այն, որ արժանի կերպով չեն գնահատում, ինչը շատ կարեւոր է: Մենք անընդհատ Ռուսաստանին ենք նայում, համեմատում, թե ինչ մակարդակի վրա են աշխատում, ինչ վճարումներ են կատարում, ինչպես են գնահատում արվեստագետին, մերը դառնում է, չգիտեմ, համապատասխան խոսքեր չեմ գտնում… Ա՛յ դա եմ ուզում, որ իմ գործը գնահատվի եւ ոչ միայն նյութապես, այլեւ բարոյապես:
-Անհերքելի փաստ է, որ դրսում հոնորարները շատ ավելի բարձր են, ու հենց դրա պատճառով է, որ շատ արվեստագետներ, տեսնելով այստեղի իրավիճակը, թեւաթափ են լինում, մեկնում են կամ էլ որոշում այլեւս լուրջ գործեր չանել:
-Ես չեմ կարող Ձեր խոսքերի տակ ստորագրել, կարծում եմ` այդպես չէ: Եթե ես միայն գումարից թեւաթափ լինեմ, դա կլինի մի քիչ ծիծաղելի, ի վերջո, քո մասնագիտությամբ  կարելի է գումար աշխատել ուրիշ տեղ` հասկանալով իրավիճակը հանրապետությունում, բայց երբ որ իսկական արվեստը մղված է հետին պլան, ա՛յ դա է ջղայնացնում, անարդարության զգացումն է խեղդում: Այսօր իբր թե դերասանը շատ ավելի մեծ տեղ ունի, քան  իսկապես լուրջ արվեստագետը: Եւ իսկական արվեստագետների գինն է կորել: Այդ գնահատականներն են խախտվել, չեն տարբերակում` ինչն է իսկական, ինչն է հնարովի, այժմեական: Երեկ նա դառնում է աստղ, վաղն այդ աստղը մարում է:
-Այսօր բազմաթիվ լուրջ, թատրոնում վաստակ ունեցող դերասաններ թողել են բեմն ու գնում են սերիալ, հեռուստատեսություն, շոուներ:
-Գիտեք ինչ, ես նկարվել եմ սերիալում, բայց հիմա կտրականապես հրաժարվել եմ նկարահանվելուց: Այն գումարը, որ աշխատում ես` սերիալում նկարահանվելով, իսկ ես թանկ վճարվող դերասանների թվում եմ, դա այնպիսի մի գումար չէ, հանուն որի դու թողնես քո իսկական գործը` թատրոնը, ու գնաս ընկնես այդ հեռուստաընկերությունների մեջ, հավատացե՛ք: Ես ընտրեցի թատրոնը, դա իմն է, ես այստեղ ազնիվ եմ: Այնպիսին եմ, ինչպես որ կամ:
-Հասկանում եմ, որ նյութականի  հետեւից չեք գնում, բայց եթե հացի խնդիր ունենայիք ու  սերիալներից, տարբեր շոուներից մեծ հոնորարներ առաջարկեին, կրկի՞ն կմերժեիք:
-Ես կհամաձայնեմ նախ, որ դա խաղալու բան լինի: Իսկ եթե ես պետք է խայտառակվեմ, որեւէ գումարով չեմ անի: Հացի խնդիր է, կգնամ, ինչքան որ տարիքս եւ ուժերս ներում են, կաշխատեմ, ուրիշ գործ կանեմ: Բայց եթե ես անուն եմ ձեռք բերել, վաստակ ունեմ, թող դա մնա այն մակարդակի վրա, որով ես մնում եմ Վիգեն Ստեփանյան, այլ ոչ թե եսիմ ով: Սա է ասելիքս:
-Ի՞նչ եք կարծում, այն դերասանները, որոնք հեռուստատեսությունը գերադասեցին թատրոնից, նրանց վարկանիշը դրանից տուժո՞ւմ է, ընկնո՞ւմ է:
-Ես չեմ կարող իրենց ո՛չ դատապարտել, ո՛չ մեղադրել: Ոչ մեկի տանը չեմ ապրում, ոչ մեկի նիստուկացին ծանոթ չեմ: Հնարավոր է, ինչ-որ բաներ լսած լինեմ կամ չլինեմ, բայց ամեն մարդ պատասխան է տալիս ինքն իր առաջ: Եթե առիթ է լինում խոսելու, զրուցելու, անունները չասեմ, բայց ես ասել եմ, որ դու որպես արվեստագետ ես վերջանում: Դա իմ կարծիքն է, գուցե սխալ եմ, ես մարգարե չեմ, ոչ էլ Ավետարան եմ գրում: Ես փորձում եմ ինձ հետ պահել, բայց ինքս էլ չգիտեմ` վաղն ինձ հետ ինչ կլինի: Աստված չանի` կյանքի ու մահու հարցի առաջ կանգնեմ: Հարցն այն է, որ նման առիթներ չպետք է ստեղծվեն: Նման որակ չպիտի լինի հեռուստատեսությունում, այնքան ցածրորակ, անհասկանալի մակարդակ է, որ ինչքան հեռու դրանից, այնքան լավ: Համենայնդեպս, գոնե ես նախընտրում եմ ինքս իմ խղճի հանդեպ հանգիստ լինել: Եթե մարդիկ կարողանում են մի քանի կոպեկի համար իրենց խղճի դեմ գնալ, դա էլ իրենց հզորությունն է: Ես չեմ կարող, քանի որ գիտեմ` հետո իմ արածի համար ավելի շատ կտանջվեմ, կչարչարվեմ, քան եթե ոչինչ արած չլինեմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս