Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ առավել ծանր է աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներում մանկահասակ երեխաների վիճակը: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ են … “Շիրակ կենտրոն”-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում անապահով ընտանիքները վարձով են ապրում նույնիսկ տնակներում։ Ըստ կենտրոնի՝ խոսքը, մասնավորապես, երեք մանկահասակ երեխաների հետ Գյումրու կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններից մեկի խոնավ և խարխուլ տնակում վարձով բնակվող միայնակ մայր Գոհար Հովհաննիսյանի մասին է։ Գոհար Հովհաննիսյանի հետ զրույցում “Շիրակ կենտրոն”-ը պարզել է, որ ընտանիքը նախկինում բնակվել է վթարային շենքում, որը օր օրի առավել վտանգավոր է դարձել բնակության համար, և որոշել են դուրս գալ այդ կիսափլված բնակարանից ու վարձակալել են տնակ:
Քանի որ նրանց բնակարանը երկրաշարժի հետևանքով ամբողջովին չի փլվել, հետևաբար նրանք բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն: Կենտրոնը նաև հիշեցնում է, որ ներկայում Գյումրիում 88 վթարային բազմաբնակարանային շենքեր և տասնյակ տներ կան: Ընդ որում, այդ բնակելիներից շատերը ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն և բնակության համար պիտանի չեն կամ խիստ վտանգավոր են:
Այդ շենքերի մոտ 7500 բնակիչների բնակարաններով ապահովելու խնդիրը ևս մնում է չլուծված և այդ ընտանիքներին պետության կողմից բնակարանով ապահովելու որևէ ծրագիր դեռևս չկա: Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” կողմից պատրաստված տեսանյութում.
Գյումրիում անապահով ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ