«ՍՈՒՏԸ ԴԱՐՁԵԼ Է ԷՍ ԵՐԿՐԻ ՕՐԵՆՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն Ազատության հրապարակում զրուցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախկին տնօրեն Լաերտ Մովսիսյանի հետ, որը ներկա էր Հայ ազգային կոնգրեսի՝ ուրբաթ օրը կայացած հանրահավաքին: Նրա խոսքերով` իր ընտանիքի անդամները երկար ժամանակ է, ինչ «քցում բռնում են», թե քաղաքական որ ուժին են ընտրելու. «Մեր ընտանիքում իրար հետ վիճում ենք. կեսը դեմ են արտահայտվում, մերոնցից ոմանք ասում են` Լեւոնը ինչ արեց, բայց հետո, որ քցում բռնում ենք, պլյուսն ու մինուսը դնում ենք, իրենք ավելի շատ պլյուսով են դուրս գալիս, քան մինուսով»:
-Պարո՛ն Մովսիսյան, հաճա՞խ եք ՀԱԿ-ի հանրահավաքներին մասնակցում:
-Անպայման, ինձ հետաքրքիր է, թե իմ ժողովուրդը ոնց է ապրում եւ ոնց է մտածում: Բոլոր հանրահավաքներին չէ, որ մասնակցում եմ, բայց մի քանիսին մասնակցել եմ, որպեսզի թացն ու չորն իրարից տարբերեմ: Հիմա բոլորը շատ ստում եմ, կարծես հիմա սուտը դարձել է էս երկրի օրենքը, միայն մնում է, որ մի հատ հրամանագիր ստորագրեն, որ մեր հիմնական գործը սուտ ասելն է: Ես էլ նայում եմ տեսնեմ` գոնե մի քիչ մաքրություն կա՞:
-Կոնգրեսականներից ո՞ւմ ելույթն եք ավելի շատ հավանում:
-Հիմա բոլոր դեպքերում` լինի քաղաքական, տնտեսական, թե մյուս ոլորտները, իհարկե միակ խելոք մարդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, անկախ նրանից, թե նա ինչ-որ մի բան սխալ է անում, ճիշտ է անում, ինքը խելոք մարդ ա: Գիտեք ինչ, բոլոր մարդիկ էլ սխալվելու իրավունք ունեն, բայց ոչ մեկն իրավունք չունի հանցագործություն անել սեփական ժողովրդի նկատմամբ:
-Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, քաղաքական ո՞ր ուժին եք Ձեր ձայնը տալու:
-Անպայման. մեր ընտանիքը, բարեկամները, բոլորս էլ գիտենք` ում ենք ընտրելու, մենք սկզբնական շրջանում ավելի շատ հակում ունեինք  «Ժառանգություն» կուսակցությանն ընտրելու, բայց որ «Ժառանգություն»-ը խառնվեց արդեն ուրիշների հետ… Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ելույթները բացարձակապես միմոսի տպավորություն են թողնում: Չհիասթափվելու համար գոնե մեր ձայնը տանք էն մարդկանց, որոնք 20 տարի առաջ էս հեղափոխության առաջամարտիկներն էին եւ անկախ իրենց թերություններից` ավելի շատ հավատ են ներշնչում, քան էն մյուսները: Մեր ընտանիքը, համենայնդեպս, արդեն որոշել է, իրար հետ վիճում ենք, դեմ են արտահայտվում, մերոնցից ոմանք ասում են` Լեւոնը ինչ արեց, բայց հետո որ քցում բռնում ենք, պլյուսն ու մինուսը դնում ենք, իրենք ավելի շատ պլյուսով են դուրս գալիս, քան մինուսով:
-Այսինքն` Ձեր կարծիքով ՀԱԿ-ը միակ ուժն է, որն այսօր ժողովրդին չի՞ հիասթափեցրել:
-Գիտեք ինչ կա, ամեն ինչից կարելի է հիասթափվել, բայց դրա մեջ միշտ պետք է ինչ-որ մի բան` ծաղիկ, ձնծաղիկ պահել, ինչ-որ մի բան… հավատում եմ էլի: Ուղղակի ինչ էլ լինի, իմ պաշտելի, իմ սիրելի ժողովրդից չեմ կարող հրաժարվել:
-Որքան ժամանակ է` իշխանությունները խոստանում են հիմնովին վերանորոգել Օպերայի շենքը, բայց այդպես էլ չեն անում: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ խոստումը չեն կատարում:
-Իշխանությունները մոտ 20 անգամ վերանորոգել են: Փողեր են, որ գնում են, չկա որակ, չի կարելի անընդհատ… էս պետության, էս ժողովրդի քրտինքի փողերն են գնում, ուղղակի չի կարելի էլի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս