ԾՈՎԱԳՅՈՒՂԻՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՋՈՒՐՆ ՈՒ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն օրերս եղավ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում, զրուցեց բնակիչների հետ եւ պարզեց, որ այսօր գյուղի գլխավոր եւ կարեւորագույն խնդիրներից մեկը խմելու ջուրն է: Խողովակները պայթել են, ու ջուրն անհայտ ուղղությամբ է հոսում, իսկ մարդիկ ստիպված մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբյուրներից ձեռքով են ջուր բերում: Ծովագյուղի մշակույթի տունն ամբողջությամբ քանդված է` ո՛չ ապակի ունի, ո՛չ դուռ եւ ո՛չ էլ պատուհան: Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհեցին համայնքապետ Գեւորգ Թովմասյանի եւ տեղի բնակիչ, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանի գործունեությունից:
Հարցին, թե ինչու պետք է այսօր ջրի պակասության խնդիր ունենան տեղաբնակները` Սեւանին մոտ լինելով, մի շարք գյուղացիներ պատասխանեցին. «Սեւանն այնքան կեղտոտ է, որ նույնիսկ անհարմար է մտածել, որ Սեւանի ջուրը որեւէ բանի պիտանի է: Ջուր բերելու համար ստիպված գնում հասնում ենք գյուղի մյուս ծայրը»:
Զրույցի ընթացքում պարզվեց նաեւ, որ Ծովագյուղում ոչ միայն ջրի հարցն է արդիական, այլեւ տեղի երիտասարդությունն ունի զբաղվածության խնդիր: «Դպրոցն ու բուհն ավարտած երիտասարդները կամ բարձր դասարանի դպրոցահասակ երեխաները դասերի ավարտից հետո որեւէ զբաղմունք չունեն: Պետք է կանգնեն փողոցում կամ զբաղվեն հարբեցողությամբ: Ժամանակն անցկացնելու այլ ձեւ չկա»,-մեզ հետ զրույցում ասաց տեղի բնակիչ տիկին Գյուլնարան: Նա շատ է ցանկանում, որ մշակույթի տունը կառուցվի, որպեսզի երեխաները զբաղմունք ունենան, իրենց օրն անցկացնեն:
«Լինելով գյուղի բնակիչ` պատգամավոր Հրանտ Մադաթյանը գյուղացիներին երբեւէ ոչ մի օգնություն չի ցուցաբերել: Իսկ գյուղապետը զբաղված է իր անձնական խնդիրներով, գյուղի ճանապարհներն էլ քարուքանդ են, խճաքարերը եկել լցվել են ճանապարհներին: Գյուղը բարձիթողի վիճակում է»,-դժգոհեց ծովագյուղցի կանանցից մեկը:
Մենք ուղեւորվեցինք Ծովագյուղի մշակույթի տուն` հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում այն, եւ արձանագրեցինք, որ ընդամենը չորս պատերն են մնացել: Կիսաքանդ շինությունը ո՛չ ապակի ունի, ո՛չ դուռ, ո՛չ պատուհան, եւ անհայտ է` երբեւէ կգործարկվի՞ այն (լուսանկարում):
«Մշակույթի տան» հարեւանությամբ գտնվում էր Ծովագյուղի համայնքապետարանը, որը աշխատանքային օրվա կեսին` 14:20-ի կողմերը, արդեն փակ էր, իսկ համայնքապետ Գեւորգ Թովմասյանը տեղում չէր, թեեւ ՀՀ կառավարության որոշմամբ նախորդ շաբաթ օրն աշխատանքային օր էր հայտարարված:
Ծովագյուղում մեզ չհաջողվեց հանդիպել գյուղապետին, այդ իսկ պատճառով հեռախոսով զրուցեցինք նրա հետ: Թովմասյանը զրույցի ընթացքում խնդրեց իրեն դիմել ընկեր Գեւորգ կամ ընկեր Թովմասյան, որովհետեւ դաշնակցական է: Այսպիսով` ընկեր Գեւորգից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու Ծովագյուղում ջուր չկա կամ ինչու չունեն մշակույթի պալատ: «Հիմա սարքում ենք խողովակները: Դրանք 64 թվի խողովակներ են: Համայնքի հաշվին ենք վերանորոգում: Իսկ կուլտուրայի տունը, որ սովետից անցանք դեմոկրատիա, այդ ժամանակ քանդեցին: Դա ծրագրի մեջ է: Բացի այդ, Բարգավաճը, Հանրապետականը  խոստանում են, բայց ոչ ոք չի անում, տենանք էլի, թե երբ կանեն: Էս 13 տարի է, ինչ ես գյուղապետ եմ, 13 տարի խոստանում են, բայց չեն սարքում: Մենք ֆինանս չունենք, առնվազն 138 միլիոնի ծախս է նախատեսված կուլտուրայի տան համար, իսկ մենք այսօրվա դրությամբ չենք կարող դա անել»,-պարզաբանեց ընկեր Գեւորգը:
Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանի մասին, դաշնակցական գյուղապետը սկսեց պաշտպանել ԲՀԿ-ական մանդատավորին: «Ի՞նչ անի պարոն Մադաթյանը, իրա անձնական գրպանի՞ց դնի: Եթե ամեն պատգամավոր իր գյուղի համար անի, բա Հայաստանի համա՞ր ով անի: Եթե կարենար, կաներ էլի»:  Իսկ երիտասարդության պարապ լինելու մասին ասաց, որ միայն ձմռանն են պարապ մնում, մյուս ժամանակներում զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:
«Ժողովուրդ»-ը հեռախոսազրույցի միջոցով ծովագյուղցիների դժգոհությունները փոխանցեց նաեւ պատգամավոր Հրանտ Մադաթյանին: Սակայն իր ծննդավայրի խնդիրներով մտահոգ այս պատգամավորը վրա տվեց. «Հարգելի՛ս, խառնում ես ԱԺ պատգամավորին գյուղապետի հետ: Բողոքողներին ուղարկի՛ իմ մոտ, ես կբացատրեմ իրանց»: Տարօրինակ է, բայց փաստ, որ գյուղի խնդիրներից անտեղյակ պատգամավորը մեզ էր առաջարկում «բողոքողներին ուղարկել իր մոտ»:   
Հ.Գ. Սովորաբար ցանկացած ընտրությունից առաջ, գյուղապետ կլինի, թե պատգամավոր, գլուխ են կոտրում պաշտոնը, մանդատը ստանձնելու համար, ու երբ ընտրվում են, ավանդույթի համաձայն` մոռանում են գյուղացուն: Ու գյուղացին մնում է իր հոգսի հետ միայնակ, անօգնական: Եւ երբ թերթերը սկսում են գրել այս եւ այլ խնդիրների մասին, շատ հաճախ իմիջ է ձեւավորվում, որ թերթերը միայն վատ բան են գրում: Բայց ի՜նչ արած` ճշմարտությունը միշտ դառն է լինում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս