«Ժառանգություն» կուսակցությունը երեկ նախընտրական հանդիպումներ ունեցավ Նոյեմբերյանում, սահմանամերձ Ոսկեվանում եւ մարզկենտրոն Իջեւանում: Մինչ Նոյեմբերյանի հանդիպումը, Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում էր սահմանամերձ քաղաքի կենտրոնական փողոցով, ձեռքով բարեւում նոյեմբերյանցիներին, հարցնում նրանց որպիսությունը: Քաղաքի Ազատության հրապարակում ելույթ ունենալով` ԱԺ պատգամավոր, ծնունդով նոյեմբերյանցի Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ինքը առանց հովանավորի, «տանիք» չունենալով` մուտք է գործել քաղաքականություն Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունում տիրող ազատախոհության շնորհիվ:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ իրենք դեմ են անարդարությանն ու ժողովրդին ստրկացնելու ցանկացած ձեւին. «Թող ամեն մեկը սուսուփուս, պարկեշտ, առանց գովազդի իր բարեգործությունն անի, մեկը թող մանկատուն պահի, մեր երեխաներին կոշիկներ կարի, մյուսը թող բաժանի մուրաբա, դդում, տրակտորներ: Բայց մենք «Ժառանգություն»-ում ասում ենք, որ աշխատանքը, առողջությունը, մեր երեխաների կրթությունը եւ ապագան մեր եւ ձեր իրավունքն է: Ոչ մեկն իրավունք չունի գալ, ձեզ ինչ-որ փշրունք տալ, որ դուք վիզը ծռեք եւ շնորհակալություն հայտնեք»: Նրա խոսքերով` իրենք նորընտիր ԱԺ-ում մեծամասնություն ունենալու դեպքում գործընկերների հետ պրոգրեսիվ հարկ են մտցնելու, որ բոլորը` հարուստներից սկսած, հարկերը մուծեն եւ դրանք մուծելուց հետո ինչքան բարեգործություն անեն, իրենց հալալ է: Դրանից կլցվի բյուջեն, ներդրումներ կլինեն, աշխատավարձերը, թոշակները, նպաստները կաճեն, գնաճը կզսպվի:
ՓՇՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ