Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ԱԺ-ում մեծամասնություն կազմելու դեպքում առաջնահերթ ձեռնամուխ է լինելու երկու հրատապ հարցերի լուծմանը, որոնք առաջացել են վարչախմբի թալանի եւ ագահության հետեւանքով:
«1. 2009թ. մարտի 3-ին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ միանգամից արժեզրկվեց մոտ 25%-ով: Այդ պահին ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեպոզիտները կազմում էին 560 միլիարդ դրամ, որի 56,7%-ը հայկական դրամով: Ընդամենը 1 օրվա ընթացքում ավանդատուները կորցրին 79,4 միլիարդ դրամ: Առեւտրային բանկերը ոչ մի կորուստ չունեցան, քանզի իշխանությունների թողտվությամբ ու հավանությամբ ավանդատուների կրած վնասից ոչինչ չփոխհատուցեցին: Հայ Ազգային Կոնգրեսն անմիջապես ձեռնամուխ է լինելու 2009թ. մարտի սկզբին դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետեւանքով տուժած ավանդատուների խախտված իրավունքների ու կրած վնասների վերականգնմանը: Նրանց ավանդները կավելացվեն 12,5%-ով` 2009թ. կորցրածի կիսով չափ:
2. 2010թ. գյուղատնտեսության վիճակը ծայրահեղ վատացավ երաշտի ու դրա դեմ կառավարության անգործության հետեւանքով: Տեղի ունեցավ գյուղատնտեսական մթերքների արտադրության կտրուկ անկում. ըստ պաշտոնական տվյալների` անկումը կազմեց 15, իսկ իրականում` 30%: Իր կամքից անկախ ստեղծված աղետալի ֆորսմաժորային իրավիճակում գյուղացիներն ի վիճակի չեղան վերադարձնելու առեւտրային բանկերից ստրկական պայմաններով վերցրած վարկերը: Կառավարությունն իրական օգնության փոխարեն բավարարվեց գյուղացիներին ընդամենը 10-20% զեղչ գներով մի քանի կիլոգրամ սերմացու, դիզվառելիք ու պարարտանյութ վաճառելով: Վերցված վարկերը` բարձր տոկոսադրույքով հանդերձ, մնացին գյուղացու ուսերին: Հայ Ազգային Կոնգրեսը խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում անմիջապես մինչեւ 10 հեկտար հող ունեցող գյուղացիական տնտեսությունների համար կիրականացնի վարկային ամնիստիա, վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն` կեսը բյուջեի սուբսիդիաների, մյուս կեսը` գյուղատնտեսական վարկերի գծով բանկային տնտեսական նորմատիվների իջեցման հաշվին»:
Կոնգրեսը հիշեցնում է նաեւ, որ շարունակվում է խորհրդային «Խնայբանկ»-ի գծով ավանդները պետական պարտք ձեւակերպելու համար քաղաքացիների հաշվառման գործընթացը:
ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԹՈՂ ԴԻՄԵՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ