ՕԵԿ-ում այս օրերին ուշագրավ զարգացումներ են սկսվել. հերթով ինքնաբացարկներ են ներկայացնում ՕԵԿ համամասնական ընտրացուցակի թեկնածուները: Ընդ որում, ինքնաբացարկ ներկայացրածների թվով ՕԵԿ-ը գերազանցել է ԱԺ ընտրություններին մասնակից մյուս բոլոր կուսակցություններին:
Որքան էլ Արթուր Բաղդասարյանը Հեղինե Բիշարյանի հետ նախընտրական քարոզարշավի մասնակիցների համար բեմերում անվճար քոչարի պարի` ցույց տալու համար իրենց միասնականությունը, միեւնույն է, ՕԵԿ-ում վաղուց ի վեր ոչ նորմալ իրավիճակ է:
ՕԵԿ պանդորայի արկղը բացվեց ԱԺ գործարար պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի` այդ կուսակցությունից հեռանալով: Այնուհետեւ ՕԵԿ-ից հեռացավ նաեւ գործարար, կուսակցության Դավիթաշենի կառույցի ղեկավար Միսակ Սարգսյանը: ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուց եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուց հրաժարվեց մեկ այլ գործարար` Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը: ՕԵԿ-ից եւ համամասնական ցուցակից հեռանալու դիմում է ներկայացրել այս կուսակցության մամուլի նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Իսկ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, որին չգրանցեցին վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության ցենզ չունենալու պատճառով, այս օրերին ավելի շատ աշխատում է ՀՀԿ-ի, քան ՕԵԿ-ի համար:
ՕԵԿ-ում հիմա հրաժեշտի երկրորդ փուլն է սկսվել. ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում ՕԵԿ ցուցակի թեկնածուները, օրինակ` «Բույսերի աշխարհ» կորպորատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը, Աշխեն Մանուկյանը, Կարինե Մկրտչյանը, Մերի Ղոնյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը, Հակոբ Թոսունյանը: Ինքնաբացարկ էր հայտնել նաեւ թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական թեկնածու առաջադրված տրանսպորտի եւ կապի նախարար, Մանուկ Վարդանյանը:
Տեսակետ կա, որ ՕԵԿ-ը որոշել է իր ուժերը կենտրոնացնել համամասնական ընտրացուցակի եւ 5 տոկոսի շեմը հաղթահարելու վրա: Մանավանդ որ ըստ շրջանառվող լուրերի` ՀՀԿ-ն այս անգամ ամենեւին չի պատրաստվում օգնել ՕԵԿ-ին, այլ ԱԺ ընտրությունների նախաշեմին «քցելու է» նրան:
Ինչ վերաբերում է ՕԵԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկների շքերթի պատճառներին, ապա այն, մեղմ ասած, տարօրինակ է: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնաբացարկների հիմնական պատճառը այս կուսակցության ներսում տիրող ոչ նորմալ մթնոլորտն է. մի մասը դժգոհ է ՕԵԿ-ում չգնահատված լինելուց, համամասնական ընտրացուցակում վատ տեղ գրավելուց եւ այլն:
ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը երեկ՝ մեզ հետ զրույցում, նշեց, թե ինքնաբացարկների մեջ չկա որեւէ տարօրինակ բան: Փոխարենը նա հերքեց լուրերը, թե ինքնաբացարկները պայմանավորված են ներկուսակցական խմորումներով: «Կան մարդիկ, որոնք ինքնաբացարկ են հայտնել` ներկուսակցական աշխատանքով զբաղվելու համար: Այդ քայլերը միշտ լինում են կուսակցության հետ համատեղ որոշումների արդյունքում: Բացառապես բոլորը ինքնաբացարկ են հայտնել այդ պատճառով»,- ասաց Ամիրյանը: Իսկ թե ինչու էին թեկնածուներին համամասնական ցուցակում ընդգրկել, որ հետո պետք է ինքնաբացարկ հայտնեին, Ամիրյանը նշեց. «Եթե չընդգրկեինք, պետք է հարցնեիք` ինչու չեք ընդգրկել այդ մարդկանց»:
Երեկ դիմեցինք նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին` խնդրելով մեկնաբանել, թե ինչու են իրենք պատրաստվում «քցել» կոալիցիոն գործընկերոջը: «ՀՀԿ-ն ոչ մեկին չի քցում: Դա ՀՀԿ գործելաոճը չէ: Իսկ այս ընտրություններում յուրաքանչյուր ուժ ինքը պետք է պայքարի»,-մեկնաբանեց նա: Կապրենք, կտեսնենք:
ՕԵԿ-ԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԽՄԲԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ