ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ՄՈՒՐԱԲԱ ՉՏԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին երեկ Վայոց ձորի մարզում դիմավորեցին մեծ ոգեւորությամբ, նույնիսկ նրա ոտքերի մոտ ոչխար մորթեցին:
Հանդիպման ընթացքում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց պետք չէ, որ ժողովուրդը գնա «բեսպրեդելի» հետ գնա առճակատման: «Ինչի՞ համար ենք այս ճանապարհն անցել, բանտերի ու զրկանքների միջով անցել: Մայիսի 6-ից, երբ քվեաթերթիկները բացեն, պետք է տեսնեն, որ Հանրապետականից մնացել են էն ձվերը, որն իրենք բաժանում էին»,-նշեց նա` հիշեցնելով 30-վայրկյանանոց հեղափոխության թեզը:
Իր ելույթում Տեր-Պետրոսյանը եղեգնաձորցի բնակիչներից ներողություն խնդրեց, որ հանրահավաքին մուրաբա ու 5 հազար դրամ չի բերել: «Կներեք, շատ կներեք, որ ձեր հետ հանդիպմանը մենք մուրաբա չենք բերել եւ 5000 դրամ կաշառք չենք բերել»,-կատակով ասաց Տեր-Պետրոսյանը: Նա հավաքվածներին խնդրեց համեմատել այսօրվա կյանքը 4-5 տարի առաջվա կյանքի հետ, ու եթե որեւէ մեկը հավատում է, որ իր կյանքն այս տարիների ընթացքում լավացել է, ապա կարող է ընտրել Սերժ Սարգսյանին: Մինչդեռ այս ընթացքում հակառակն է ապացուցվել: «Այդ իշխանությունը, որի հիմնադիրն է Ռոբերտ Քոչարյանը, մարդասպանների իշխանություն է: Ալեքսանդր Մյասնիկյանից սկսած` ոչ մի իշխանություն չի կրակել իր ժողովրդի վրա, ղեկավարներից ոչ ոք սեփական ժողովրդի վրա չի կրակել: Պատմության մեջ առաջին անգամ կրակել է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Սրանից հետո ասում են` հավատացե՛ք մեզ, որ փոխենք: Ի՞նչը պիտի փոխեք, սրանից հետո ավելի շատ եք գողանալու ու կողոպտելու: Ձեզանից ո՞վ կուզի, որ իր երեխան ապրի այնպես, ինչպես դուք եք ապրում, ընտրե՛ք Սերժ Սարգսյանին, եւ ձեր երեխան ձեզանից ավելի վատ է ապրելու»,-նշեց նա:
Տեր-Պետրոսյանը հավելեց, թե Կոնգրեսը խոստանում է հաստատել օրենքի իշխանություն, որպեսզի մարդիկ չվախենան իշխանություններից: «Այսօրվա գյուղապետերը, վստահ եմ, մեծ մասը նորմալ, մեզնից լավ մարդիկ են, դպրոցի տնօրենները: Դուք գիտեք՝  ոստիկանները մասնակցո՞ւմ են այս թալանին, ո՛չ, ոստիկանության մեծ մասը ձեզ նման թշվառ են: Նրանք արդյոք չէին ուզենա պաշտպան լինեին ձեզ համար: Մենք առանց հեքիաթներ պատմելու, առանց ձեզ դատարկաբանություններով կերակրելու ասում ենք, որ ամսի 6-ին ընտրեք ՀԱԿ-ին, վստահ ենք, որ ճիշտ ընտրություն եք կատարելու»,-ասաց նա:
Ի դեպ, ՀԱԿ-ը այսօր հանդիպելու է Սյունիքի մարզի բնակիչներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս