ԲՀԿ-ԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ, ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԳԱԼՈՎ, ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ  Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Տեղեկացանք, որ երիտասարդը ԲՀԿ-ական 29-ամյա Ժորա Կարապետյանն է: Վերջինս դեռեւս ապրիլի 18-ին վիճաբանության մեջ է մտել իր մտերիմ ընկերոջ հետ, որը եւս կուսակցության ներկայացուցիչ է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Ժորայի հարազատների հետ, որոնք նշեցին, թե իրենք տեղյակ չեն` որն է եղել Ժորայի մահվան պատճառը, քանի որ 29-ամյա երիտասարդը գիտակցության չի եկել եւ չի խոսել տեղի ունեցածի մասին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 29-ամյա Ժորա Կարապետյանը: Տուժողը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մուտքի աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով: Սակայն հաջորդ օրը` ժամը 16:30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկել 1979թ. ծնված Սարիբեկ  Հարությունյանին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` 33-ամյա Սարիբեկն ապրիլի 18-ին` ժամը 00:05-ի սահմաններում, Արաբկիրի 19-րդ փողոցում ծեծի է ենթարկել Ժորա Կարապետյանին եւ պատճառել վնասվածքներ: Իսկ արդեն ապրիլի 26-ին` ժամը 10:30-ին, Ժորա Կարապետյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 18-ին վիճաբանություն է եղել Ժորայի եւ իր մտերիմ ընկեր Սարիբեկի միջեւ: Երկուսն էլ ԲՀԿ-ական են, մեր տեղեկությունների համաձայն` Ժորան Արաբկիր վարչական շրջանի ԲՀԿ-ի շտաբի պետն էր:  Նրանց ճանաչողները մեզ հետ զրույցում նշեցին, որ  իրենց համար անհասկանալի է, թե ինչից է առաջացել վիճաբանությունը, քանի որ երկուսն էլ շատ լավ տղաներ են եւ շատ մտերիմ ընկերներ են եղել:
Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ նաեւ Կոմիտասի պողոտայի 56 շենքում, որտեղ Ժորան էր բնակվում: Շենքի բակում նրա հարազատներն ու ընկերներն էին հավաքված: Հարազատներից տեղեկացանք, որ մի քանի ժամ հետո նրա դին կտեղափոխեն բնակարան: Դրսում կարողացանք զրուցել Ժորայի քեռու, հարազատների ու ընկերների հետ: Վերջիններս  նշեցին, որ իրենք էլ տեղյակ չեն, թե իրականում ինչն է եղել Ժորայի մահվան պատճառը: «Ժորան ամուսնացած ա, մի հատ տղա ունի, մեկուկես տարեկան ա, Միսակ ա անունը: Մենք ինչքանով տեղյակ ենք,  իրեն գլխից վիրահատել են, կոնկրետ բան չգիտենք, ինքը շատ լավ տղա էր, մի հատ մաքուր, հոյակապ, ընկերական տղա էր: Էն որ ասում են` մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, ձեն չի հանում, դե երեւի մի բան եղել ա, թե կռիվ ա, թե ընկել ա, կատակ են արել, ինչ են արել` տեղյակ չենք»,-նշեցին Ժորայի հարազատները:
 29-ամյա երիտասարդի քեռին պատմեց, որ Ժորան 9 օր շարունակ անգիտակից վիճակում գտնվել է հիվանդանոցում. «Կոմայի մեջ ա եղել, էդ հիմա դրել քաղաքականության հետ են կապում, բայց մենք չգիտենք` ինչ ա եղել, մենք տեղեկություն չունենք ընդհանրապես: Էս 9 օր ա` մենք սենց հիվանդանոց ենք գնացել, մի քանի րոպե տուն ու էլի հիվանդանոց ենք գնացել, մենք ի՞նչ իմանանք` ինչ են արել, ինչ չեն արել: Մենք էլ սպասում ենք, տեսնենք` ինչ ա պարզվելու: Իրա հետ չենք խոսել էդ ընթացքում: Մենակ սկզբից աչքերը բացեց, ասեց լավ եմ, էդ ա եղել»:
Զրույցի ժամանակ պարզեցինք, որ Ժորան մեկ քույր եւ եղբայր ուներ, ապրում էր իր կնոջ, որդու ու ծնողների հետ: «Էրեխեքի մեծն ինքն էր, էսօր մենք չենք ուզում էդ թեմաներով խոսել, էսօր ոչ մեկն էլ չի ուզում խոսել, հավատացե՛ք, ուղղակի մենք ոչ մի բան էլ չգիտենք, մենք էլ էինք շատ ուզում, որ զարթներ, խոսար, ասեր, որ մեր համար էլ մութ բան չմնար, ինքը զարթնել, ասել ա  լավ եմ, ու վիրահատությունից հետո գիտակցության չի եկել»,-նշեցին Ժորայի հարազատները:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի հետ: Վերջինս ասաց, որ իրենք հիվանդության նկարագիրն արդեն ուղարկել են դատաբժշկական փորձաքննության. «Գլխի հետ է կապված եղել խնդիրը, վիրահատել են, իր մոտ արյունազեղում է եղել»: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Սարիբեկ Հարությունյանը ձերբակալված է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս