ԳԻՏԵՄ, ԹԵ ՈՒՄ «ՑԵԽՈՒՄ» ԵՆ ԾՆՎՈՒՄ ԼՈՒՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե կարող ես օգտակար լինել ժողովրդիդ, ուրեմն չպետք է խնայես ջանքերդ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Աջափնյակ համայնքի ղեկավար, թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուբեն Հովսեփյանը:
-Պարո՛ն Հովսեփյան, Դուք այսօր ռեալ իշխանական լծակներ ունեք.  ղեկավարում եք Աջափնյակ վարչական շրջանը, ինչո՞ւ եք ուզում այդ կարգավիճակը փոխարինել ընդամենը մեկ պատգամավորական մանդատով:
-Ես իմ աշխատանքը կամ կարգավիճակը երբեք իշխանական լծակներով չեմ պայմանավորում եւ ինքնանպատակ չեմ ցանկանում մեկը մյուսով փոխարինել:  Ես պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել ինձ հարազատ դարձած Աջափնյակում, որովհետեւ ցանկանում եմ ավելին անել մեր համայնքի եւ երկրի համար: Իմ աշխատանքում համոզվել եմ, որ խնդիրների մեծ մասը համընդհանուր է գրեթե բոլոր համայնքների համար, եւ դրանք ավելի արագ կլուծվեն ոչ թե լոկալ մոտեցումներով, այլ տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացմամբ, որը պետք է սկսել օրենսդրական դաշտից: Կրկնում եմ, ես Ազգային Ժողով չեմ գնում ո՛չ կարգավիճակի, ո՛չ էլ մեկ այլ նպատակով. աշխատող մարդ եմ եւ չեմ սիրում բարձրագոչ հայտարարություններ անել: Ժամանակը կգա, դուք էլ կհամոզվեք, ինչպես եղավ իմ թաղապետության օրոք շատ ընդդիմախոսների դեպքում:
-Ձեր եղբայր Աղվան Հովսեփյանն ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր կայացրած որոշման վրա. համոզե՞լ է, որ առաջադրվեք:
-Աղվան Հովսեփյանն իմ ավագ եղբայրն է, մենք եղբայրներով, մեր գերդաստանով շատ կապված ենք միմյանց, բայց միաժամանակ որպես չափահաս, կայացած մարդիկ` ամեն մեկս մեզ համար ենք որոշումներ կայացնում: Ես իմ եղբորը վերաբերում եմ այնպես, ինչպես դուք կամ մեկ ուրիշը` իր հարազատ եղբորը: Եթե մեկն ինձ համոզել է, որ պատգամավոր առաջադրվեմ, դա եղել են ինձ լավ ճանաչող բազմաթիվ աջափնյակցիները: Ինձ շատ է աջակցում հայրս, ով իր կենսափորձով իմաստուն մարդ է եւ մեկ հավատամք ունի` եթե կարող ես օգտակար լինել ժողովրդիդ, ուրեմն չպետք է խնայես ջանքերդ եւ ուժերիդ ներածին չափով արդարացնես քո հանդեպ եղած վստահությունը:
-Լուրեր կան, որ Ձեզ համար քրեական տարրերն են աշխատում: Օրինակ` Կանեւսկոյ Արմենի եղբայրը Ձեզ համար ձայներ է հավաքում: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել, լինելով դատախազի եղբայր, լավ հարաբերություններ ունենալ այդ աշխարհի ներկայացուցիչների հետ:
-Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եւ ում «ցեխում» են ծնվում նման լուրերը… Բազմիցս խոսել եմ այդ մասին, նորից կասեմ` ես քրեական  տարրերի աջակցության կարիքը չունեմ եւ լավ հարաբերություններ ունեմ միայն իմ ընկեր-բարեկամների ու իմ թաղամասի բնակիչների, իմ ընտրողների հետ: Իսկ այդ լուրերի հեղինակներին ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ դիմացինին անվանարկելով` իրենք հաստատ չեն բարձրանա, ավելի լավ է թող իրենց կատարած գործերից խոսեն եւ ոչ թե ցեխ շպրտեն կամ մեծ-մեծ խոստումներ տան: Եւ թող այդքան հեշտ չփորձեն  մարդկանց անունների հետ խաղալ. այդ ո՞ր իրավունքով են Աջափնյակի բնակչին, հային, ընդհանրապես` մարդուն,  հանցագործ անվանում: Մեր կողքին այսօր հազարավոր պարկեշտ ու հարգված մարդիկ են կանգնած: Թող իրենք իրենց շրջապատի մասին մտածեն: Հանցագործը բանտում է լինում, մեր կողքին, համենայնդեպս, հանցագործներ չկան եւ չեն կարող լինել:
Ես շատ մտահոգված եմ նման հայտարարությունների  հեղինակների հոգեվիճակով: Այլապես նորմալ հոգեվիճակով հնարավոր չէ մինչեւ «ատամները զինված մարդիկ, կռիվ-պատերազմ» տեսնել կամ էլ կանխատեսումներ անել եւ դա՝ Երեւանի փողոցներում: Ամեն դեպքում, անկախ նրանց մեղսունակության վիճակից` կարծում եմ, որ պատկան մարմինները կզբաղվեն այդ կարգի հայտարարություններով, որպեսզի օրենքի սահմաններում պարզվեն դրանց դրդապատճառները, եւ կանխվեն բոլոր այն քայլերը, որ կարող են բերել լարված մթնոլորտի եւ կոնֆլիկտների: Ես՝ իբրեւ շրջահայաց մարդ, լարվածություն զգալու դեպքում ամեն ինչ կանեմ` լարված մթնոլորտը չեզոքացնելու եւ կանխելու համար: Մենք գնում ենք ազատ ու մրցակցային ընտրությունների: Ես կարող եմ նաեւ բացատրել, թե այդ լարումը որտեղից է գալիս. մարդը համոզվել է, որ ակնհայտ առավելությունն իմ կողմն է, դրանից չարացել է ու կորցրել ինքնատիրապետումը: Երեւի տեսել է, թե ինչքան մարդ է գալիս մեր հանդիպումներին, ու ինչ համերաշխ ու ոգեւորող մթնոլորտում են անցնում դրանք: Շատ բակերում ենք եղել ու «թարսի» պես ոչ մի տեղ լարում չենք տեսնում: Ու դրա համար էլ որոշ թեկնածուներ փորձում են օր առաջ ապահովագրել իրենց ու նախորդ ընտրության ժամանակ իրենց փորձարկած սադրանքները կրկնել: Վստահ եմ, առաջիկայում էլի կհնչեն նման հերյուրանքներ ու զրպարտություններ, որոնց հեղինակներին ուղղակի պետք է խղճալ, քանի որ սեփական թուլությունը սկսել է իրենց դեմ աշխատել:
-Ձեր ընտրատարածքից որքա՞ն ձայն եք խոստացել Ձեր հարազատ Հանրապետական կուսակցությանը:
-Ուղիղ այնքան, որքան աջափնյակցի կգնա ու կքվեարկի ՀՀԿ-ի եւ իմ օգտին: Իսկ այդպիսիք շատ-շատ են լինելու: Մարդիկ կատարված գործերը տեսնում են եւ սպասում շարունակությանը: Մեր կուսակցությունը սին խոստումների կարիք չունի ո՛չ իմ, ո՛չ էլ մեկ ուրիշի կողմից: Իմ` վարչական շրջանի ղեկավար աշխատած տարիներին տեսել եմ, թե ՀՀԿ պատասխանատվությամբ գործող կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանը ինչ հետեւողականությամբ են իրականացրել մեր համատեղ ծրագրերը: Հենց սրա համար էլ ես անդամագրվել եմ Հանրապետական կուսակցությանը եւ հենց այս ուժի դրոշի ներքո եմ պատկերացնում իմ հետագա գործունեությունը նաեւ Ազգային Ժողովում: Թող անհամեստ չհնչի, կարծում եմ` ես կհաղթեմ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
R




Լրահոս