ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին նախընտրական հանդիպում ունեցավ Նոյեմբերյան քաղաքի բնակիչների հետ, որոնց հորդորեց ակտիվ մասնակցել իր խոսքերով «նորանկախ Հայաստանի ամենալավագույն ընտրություններին» եւ ձայն տալ ՀՀԿ-ին: (Ի դեպ, բանասեր Սերժ Սարգսյանը պետք է որ իմանար, որ «լավ» ածականի գերադրական աստիճանը կազմվում է «ամենալավ» կամ «լավագույն» ձեւով, իսկ «ամենալավագույն» չի կարելի ասել): Նշենք, որ նախագահը ընթերցում էր ելույթի տեքստը: Քաղաքի Ազատության հրապարակում հավաքվածները հնարավորություն չունեին Սերժ Սարգսյանին տեսնելու, քանի որ նրա հետ ժամանած տարբեր հեռուստաընկերությունների օպերատորները, կանգնելով հենց ՀՀԿ նախագահի դիմաց, ժողովրդի տեսադաշտը փակել էին: Ս. Սարգսյանի բազմամարդ թիկնազորը կարող էր այդ հարցը լուծել, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցները հիմնականում զբաղված էին նախագահին քիչ, թե շատ մոտիկ դիրքում հայտնված նոյեմբերյանցիներին հեռու վանելով: Արդյունքում` Սերժ Սարգսյանի փոխարեն, նոյեմբերյանցիները հեռուստաօպերատորների թիկունքը տեսան: Նույնիսկ թիկնապահներից մեկը վիճաբանեց մի ազատամարտիկի հետ եւ հոխորտալով ասաց. «Հեռո՛ւ քաշվեք»:
Հավելենք, որ գարնանային վարուցանքի այս օրերին վառելանյութի խիստ պակաս զգացող տավուշցիներին դուր չեկավ նաեւ նախագահական ավտոշարասյան երկարությունը:
ԾԱԾԿԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ