Ծաղկաձորում այս օրերին անցկացվում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Ներկայացված118 ֆիլմից ընտրվել է 60-ը` վավերագրական, խաղարկային, անիմացիոն: Հայ և օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ֆիլմերում անդրադարձել են մերօրյա խնդիրներին` զավակների կողմից լքված ծնողներ, մանկատանը հայտնված երեխաներ, ինչպես նաև` կին-տղամարդ փոխհարաբերություններին, մարդու կռվին սեփական եսի հետ, չի անտեսվել նաև պատերազմի թեման` ինչ կլիներ աշխարհը, եթե չլինեին պատերազմներ:
Անետա Օհանջանյանը փառատոնին ներկայացել է «Մի ազգի պատմություն» ֆիլմով, որտեղ պատմում է եզդիների բարքերի, ապրելակերպի մասին.
«Առանձնացրել եմ հայերի և եզդիների հարաբերությունները, քրդերի և եզդիների հարաբերությունները: Ցույց եմ տվել նրանց կապը հայերի հետ և, թե ինչքան լավ են իրենք զգում մեր հողի վրա»,-պատմում է Անետան` տեղեկացնելով, որ պատրաստվում է այս թեմայով մի ամբողջ շարք ներկայացնել` անդրադառնալով ազգային մյուս փոքրամասնություններին:
Կինոփառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցն առանձնացնելով Անետայի կինոձեռագիրն` ակնարկում է, թե նա կարող էր շատ հանգիստ ֆիլմեր չնկարել, բայց նկարում է:
«Ես անկեղծ ասեմ` որոշել էի այլևս փառատոն չանել, բայց երբ տեսա երիտասարդների փայլող աչքերն ու ոգևորությունը, հասկացա, որ դա անհրաժեշտ է»,- շարունակեց Գևորգյանցը` նկատելով, որ այսօր ոչ փառատոնային ֆիլմերի կարիք կա, որովհետև բազում խնդիրներ ունենք և դրանց մասին պետք է խոսել, ինչը հաճախ չի արվում:
Ի դեպ, կինոդիտումներից հետո գրողների ստեղծագործական տանը կազմակերպվում են նաև քննարկումներ, որի ժամանակ յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու և լսելու նաև սեփական թերությունների մասին:
Կինոփառատոնն անցկացվում է «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ:
ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան /օպերատոր/, Նարինե Ջրբաշյան /կինոգետ/, Ռուբեն Երզնկյան /ռեժիսոր/, Արամ Գյուրջյան /դերասան/: Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը:
Հավելենք, որ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին, իսկ 2007 թվականից այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոարվեստում, ինչպես նաև նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը:
Իր գործունեության ընթացքում «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը ձեռք է բերել լայն ճանաչում ու հեղինակություն:
Կինոփառատոնի մրցութային ծրագրերին մշտապես մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և այլն:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ