Սերժ Սարգսյանի պնդմամբ՝ Գ. Ծառուկյանի տեսքը կոպիտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կանդրադառնանք «Վիկիլիքսի» հանրայնացրած երկու փաստաթղթի, որոնցից առաջինը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին, իսկ հաջորդը՝ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Դիվանագիտական զեկուցագրերը վերաբերում են 2007թ. խորհրդարանական ընտրություններին: Առաջին փաստաթուղթը ներկայացնում է Սերժ Սարգսյանի, երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանի հետ դիվանագետների ունեցած զրույցների առանցքային դրվագները: Ստորեւ առանձնացրել ենք հատկապես այն հատվածները, որտեղ վերը նշյալ գործիչները արտահայտում են իրենց տպավորությունները եւ առկա դժգոհությունները միմյանցից:

Այսպես՝ Գոդֆրին նկատում է, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդած իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում պարզել է, որ վերջինս բանական է համարում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը՝ ցանկանալով դրանում ընդգրկել նաեւ Դաշնակցությանը: Վերջինիս առնչությամբ Սարգսյանը հավելել է, որ ավելի լավ է ՀՅԴ-ն ունենալ իր կողքին, քան ընդդիմության մեջ: Իր հնարավոր նշանակումներին անդրադառնալով՝ Սարգսյանը նկատել է, որ ցանկանում էր Սեյրան Օհանյանին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նշանակել ՀՀ Պաշտպանության նախարար, բայց փոխել է որոշումը եւ նշանակումն իրականացնելու է նախագահական ընտրություններից հետո: Հատկանշական է, որ Սարգսյանը, փաստորեն, իրեն արդեն իսկ ընտրված էր համարում եւ մտքում հեռահար նշանակումներ կատարում:

Հետաքրքիր է, որ Գոդֆրին այստեղ մեկնաբանում է, թե Սերժ Սարգսյանը հավանաբար չի ցանկացել Օհանյանին նշանակել, որպեսզի տուրք չտա երեւանյան այն պնդումներին, թե կառավարության մեջ չափից ավելի շատ ղարաբաղցիներ կան: Ըստ էության, դիվանագետի մատնանշած պատճառը բավականին իրական է թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգսյանը ոչ մի անգամ հրապարակայնորեն չի խոսել իր այսօրինակ մտադրությունների մասին: Ի վերջո, ինչն էր խանգարում Սարգսյանին իր ընտրողներին ներկայացնել սեփական կադրային քաղաքականության մանրամասներն ու ուրվագծերը:

Ամերիկացիներին տեղեկացնելով, որ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունները հավասար պայմաններ են ունեցել, Սարգսյանը նկատել է, որ խաղի հաստատված կանոնները համաձայնեցված են եղել նաեւ Քոչարյանի հետ: Նա չի առարկել, որ երկրում բարեգործության անվան տակ համատարած կաշառք է բաժանվել: Ամերիկացի դիվանագետի բարձրաձայնած հիմնահարցին արձագանքելով՝ Սարգսյանը նկատել է, որ դրանով մեծ չափերով զբաղվել է ԲՀԿ-ն, մինչդեռ ՀՀԿ-ն ստիպված է եղել պարզապես «համարժեք պատասխան տալ»: Նրա պնդմամբ՝ ընտրությունը իրական մրցակցություն է՝ ընտրողների ձայներին տիրելու համար, իսկ ինքը հպարտ է, որ իր կուսակցությունը նման արդյունքների է հասել:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն քաջատեղյակ է, այլեւ անձամբ հրահանգում է ու միջազգային դիվանագետների առաջ էլ խոստովանում է համատարած բաժանվող կաշառքի մասին: Ավելին՝ այսօր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչը դա ոչ թե համարում է օրենքի խախտում, այլ պարզապես «համարժեք պատասխան»: Ըստ էության, սա եւս Քոչարյանի հետ «համաձայնեցված» խաղի կանոն է եղել: Հերթական ցցուն փաստը, որ Հայաստանում ցանկացած հարաբերություն կարգավորվում է բացառապես մի խումբ մարդկանց պայմանավորվածություններով՝ խորապես արհամարհելով ՀՀ Սահմանադրությունը: Այսօր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած Սարգսյանին, ի՞նչ է, սահմանադրությու՞նն էր խանգարում, որ պատժի կաշառք բաժանողներին, որոնց, պարզվում է, նա շատ լավ է ճանաչում:

Անդրադառնալով իր իսկ կողմից «բնական» դաշնակից համարվող ԲՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանն անկեղծացել ու մատնանշել է այս կուսակցության առաջ ծառացած ամենածանր հարցը: Ըստ նրա՝ ԲՀԿ-ի համար ամենամեծ խնդիրը հենց նրա առաջնորդն է՝ Գագիկ Ծառուկյանը: Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր կոպիտ տեսքով եւ անկիրթ խոսվածքով հազիվ թե կարող է համարվել հաջողված հրապարակային գործիչ: «Եթե նա կարողանար վեր լինել այս խնդիրներից, ԲՀԿ-ն միգուցե ավելի լավ արդյունքներ ունենար»,- եզրափակել է Սարգսյանը: Ընտրությունների ընթացքում տեղի ունեցած այլ խախտումների կապակցությամբ Սարգսյանը նկատել է, որ արդեն իսկ հարուցված են մի շարք քրգործեր: Այս կապակցությամբ Գոդֆրին հատուկ հավելում է , որ նշյալ գործերից ոչ մեկը չի առնչվում Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ին: Դիվանագետն անուղղակիորեն հուշում է, որ ընտրությունների կեղծմամբ իրականում զբաղված ոչ մի անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում:

Ջոն Էվանսի հեղինակած փաստաթուղթն իր հերթին հիշատակում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Վերջինս, ըստ դեսպանի, նախընտրել է չհամալրել ՀՀԿ-ի շարքերը: Նա հավելում է, որ Գագիկ Ծառուկյանն իրենց տեղեկացրել է, թե Սարգսյանն իր քաղաքական նպատակների մասին խոսել է այն բանից հետո եւ հիմնականում այն պատճառով, որ ԲՀԿ-ին հաջողվել է ամուր արմատներ գցել եւ իր շուրջը մեծ թվով մարդկանց հավաքել: Էվանսը, սակայն, նկատում է, որ Ծառուկյանը, ունենալով հանդերձ անսպառ ֆինանսական ռեսուրսներ, գործնականում ոչ մի քաղաքական փորձառություն չունի: Կրկին մեջբերելով Ծառուկյանին՝ Էվանսը ասում է, որ Քոչարյանն էլ իր հերթին է հավանաբար դժգոհ ստեղծված իրավիճակից, քանզի ցանկանում էր ավելի շատ կառավարել եւ վատ է տանում ՀՀԿ-ի՝ քաղաքական մեծամասնության պայմաններում «կաղ բադիկի» իր կարգավիճակը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս