Հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևանի պետական կամերային թատրոնում Բրիտանական «Living Pictures» ընկերությունը ներկայացնում է «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, որը հիմնված է Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության վրա:
Մոնոներկայացումը բեմադրել է Շինեյդ Ռուշը, իսկ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» վիպակի հերոսին` Պոպրիշինին մարմնավորել է Ռոբերտ Բոումենը: Նրա հերոսը 40-ը բոլորած համեստ քաղծառայող է, ում կյանքում մի օր սկսում են տարօրինակ դեպքեր տեղի ունենալ: Բրիտանացի դերասանի մեկնաբանմամբ Գոգոլի գրական այս հանճարեղ ստեղծագործությունը հանդիսատեսին ստիպում է մտածել մարդկային բարոյականության, երազանքների ու իրական պայմանների համատեղության մասին:
«Ռոբերտ Բոումենը կատարելապես ներկայացնում է զգացմունքների տարաբնույթ դրսևորումներ: Նրա խաղին հետևելով` ավելի ու ավելի ես խորասուզվում ֆանտաստիկայի աշխարհում», – գրել է Western Mail-ը:
«Living Pictures» ընկերությունն առաջին անգամ է Հայաստանում:
«Living Pictures» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին էլեն և Ռոբերտ Բոումենների կողմից` նպատակ ունենալով գտնել և ներկայացնել թատերական արվեստի նոր արտահայտչամիջոցներ: