ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե հայեցակարգի նախագծի առնչությամբ տարվող աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, և, ինչպես ասում են, վերջին «շտրիխներն» են մնացել: Նա նշեց, որ մի շարք քաղաքական ուժեր, սկզբունքորեն դեմ չլինելով այդ նորամուծությանը, առաջ են քաշում դրան սոսկ հետագայում անդրադառնալու հարցադրում, սակայն ըստ նրա, պարզ չէ, թե ինչո՞ւ և ի՞նչ նկատառումներով են առաջնորդվում այդ ուժերը։
– Պարո՛ն Դանիելյան, Վենետիկի հանձնաժողովի քննարկումներից հետո, փաստորեն, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պետք է ներկայացվի Հանրապետության Նախագահին, որից հետո, նշվում է, թե այն կրկին պետք է քննարկվի Վենետիկի հանձնաժողովում: Խնդրում եմ՝ ասեք, թե ի՞նչ է սպասվում, հիմա ո՞ր փուլում ենք:
-Հանրային լսումներին զուգահեռ, քննարկումներ իրականացվել ու իրականացվում են ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի, այլև հայրենական ու արտասահմանյան փորձագետների ու մասնագետների հետ: Սա իրավական ակտի քննարկման ողջ գործընթացում հանրության աննախադեպ մասնակցության հիրավի արժեքավոր մշակույթ ձևավորելու կարևոր նախադրյալ է, մենք նույնիսկ խնդրեցինք Հանրապետության Նախագահին երկարացնել հանրային քննարկումների ժամկետը, և ժամկետը վերանայելու հարցում տարաձայնություն բացարձակապես չարձանագրվեց: Այս ընթացքում հայեցակարգի նախագծի առնչությամբ տարվող աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, և, ինչպես ասում են, վերջին շտրիխներն են մնացել: Հաշվի առնելով կոնսեսուսի սկզբունքով իրականացված քննարկման արդյունքները, մինչև հոկտեմբերի 10-ը նախագծի վերջնական տեքստը կդրվի հանձնաժողովի քվեարկությանը, իսկ հաստատվելու դեպքում պաշտոնապես մինչև հոկտեմբերի 15-ը կներկայացվի Հանրապետության Նախագահին:
– Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Տանչևն ասել է, թե ամենակարևորն այն է, որ հայեցակարգն ապահովվում է քաղաքական փոքրամասնության դերի բարձրացումը, կանխում քաղաքական մեծամասնության և փոքրամասնության անհարկի հակադրման սողանքները: Նա նշել է նաև, թե այդ առումով խորհրդարանական կառավարման համակարգն անփոխարինելի կարող է լինել: Համամի՞տ եք այս գնահատականի հետ, և որն է Ձե՛ր կարծիքը։
-Այս գնահատականն արդեն իսկ ամրագրված էր իրենց քննարկմանը ներկայացված հայեցակարգի նախագծում, իսկ փորձագետը պարզապես իր համակարծիք լինելն է ընդգծել՝ կարևորելով հիշյալ դրույթների իրավաքաղաքական առանցքային նշանակություն ունեցող արժեքը:
Նկատենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի դերակատարման արմատական բարձրացմանը միտված քայլերը խիստ պահանջված ու արդիական են դարձել ժողովրդավարության հարուստ փորձ ունեցող երկրներում: Այդ առնչությամբ գործող Սահմանադրության շրջանակներում որոշակի քայլեր ձեռնարկվել են նաև մինչ սահմանադրական բարեփոխումները, ինչը, թերևս, կարող է վկայել այս նորամուծությունների վերաբերյալ իշխող քաղաքական կուսակցության դիրքորոշման մասին:
Ի դեպ, ընդդիմադիր քաղաքական ուժերի դերակատարման կտրուկ բարձրացումը ոչ միայն շահեկան է առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու, այլև հանրային իշխանության իրականացման որակը բարելավելու տեսանկյունից, քանզի հավասարապես բարձրանում է և՛ իշխող, և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի պատասխանատվությունը: Առաջին դեպքում իշխող քաղաքական ուժերը հայտնվում են ընդդիմադիր ուժերի անմիջական վերահսկողության տիրույթում, իսկ երկրորդ դեպքում ընդդիմադիր ուժերը «հարկադրված են» լինում ձեռնպահ մնալ պոպուլիզմին բնորոշ գործելաոճից՝ հստակ պատկերացնելով, որ ի զորու են լինելու նյութականացնել իրենց գնահատականներն ու գաղափարները: Նկատի ունեմ այն, որ, օրինակ, վերջիններս ձեռք են բերելու իրենց տեսանկյունից երկրի համար շահեկան համարվող օրինագծերն անարգել դարձնել հանրաքվեի առարկա՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով դրա արդյունքների համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում