ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂՆ ՈՒՏԵԼՈՒ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն Ազատության հրապարակում երեկ անցկացրեց իր ամփոփիչ հանրահավաքը, որին էլ հաջորդեց մեծ համերգ: Նկատենք, որ ՀՅԴ համերգը ոճային առումով խիստ բազմազան էր. ելույթ ունեցավ ազգային-հայրենասիրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը, այնուհետեւ՝ «Էմփիռեյ» ռոք խումբը:
Հարկ է նկատել, որ համերգները դարձել են այս քարոզարշավի անբաժանելի մասը: Բացի Հայ ազգային կոնգրեսից, մյուս բոլոր հիմնական քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավներն ուղեկցվում են համերգներով: Ու տպավորություն է, որ կուսակցությունները հենց համերգների միջոցով են գայթակղում մարդկանց՝ այդպես փորձելով իրենց հանրահավաքներում մարդաշատություն ապահովել:
Ինչեւէ, ՀՅԴ հանրահավաքը սկսվեց որոշակի ուշացումով. ինչպես ասաց ՀՅԴ-ականներից մեկը, սպասում են մի փոքր մթնելուն, որպեսզի նաեւ հրապարակում տեղադրված լուսաձայնային էֆեկտները եւս լավ երեւան: ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում իրենց կուսակցության հաղթանակի դեպքում խոստացավ երջանիկ Հայաստան, որտեղ, ըստ նրա, իրենք ոտնակոխ չեն անի մարդկանց հավատը: Վ.Հովհաննիսյանի խոսքերով՝ մարզեր կատարած այցերով իրենք հասան նրան, որ սեփական ուժերին հույս չունեցող ժողովրդի աչքերում սկսեց հույս երեւալ: «Մենք հասկացանք, որ ժողովրդի հուսալքությունը հնարավոր է հաղթահարել, ու այդ մարդիկ հավատում են «Դաշնակցությանը»: Ձեր հավատը երբեք չենք ոտնահարի»,-հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, իրենց հույսը Երեւանն է: «Դու, Երեւա՛ն, այսօր պետք է փրկես ողջ հանրապետությունը: Երեւա՛ն, քեզնից ենք պահանջում: Երեւանում ՀՅԴ-ն պետք է ամենաշատ ձայնը ստանա, որ մարզերում էլ հաղթի»,- հայտարարեց նա: Հռետորն անդրադարձավ այն լուրերին, որ հնարավոր է վերահսկել քվեարկության ընթացքը. ըստ նրա՝ նման շշուկներ տարածում են մեծամասնականով ընտրված իշխանական թեկնածուները, որպեսզի կարողանան այդպես վերահսկել նաեւ որպես ընտրակաշառք բաժանված գումարը: «Տեղեկացնեմ, որ բաց քվեարկությունը քրեական հանցագործություն է: Մի՛ խաբվեք, ձեզ ոչինչ անել չեն կարող, քվեարկում եք «Դաշնակցությանը», փակ ու գաղտնի, օրենքով»,-ասաց նա: Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Մասիս քաղաքում էլ նպաստառուներին զգուշացնում են, որ իշխանություններին ձայն չտալու դեպքում կզրկեն «Փարոս»-ից: «Նախ` սուտ է, չեն կարող կտրել, օրենքը դա թույլ չի տա: Երկրորդը, եթե նրանք փորձեն նման մի բան անել, մենք կկտրենք նրանց ականջները»,-խոստացավ ընկեր Վահանը: Նա նաեւ նշեց, որ հաղթանակը մոտ է: «Հաղթանակի համար մեզ պետք է միայն խիզախություն, որն արդեն կա, եւ մնում է միայն կազմակերպվածություն: Ազատությունը մեր հաղթանակի մեջ է, արդարությունը կգա մեր հաղթանակով, կգա «Դաշնակցությունն» ու կբերի երջանիկ Հայաստան»,-խոստացավ նա:
ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ այսօր բոլոր քաղաքական ուժերի քարոզչության հիմնական մեխը դարձել է փոփոխություններ իրականացնելը: «Բոլորը խոսում են փոփոխությունների անհրաժեշտության մասին, անգամ` իշխանությունները, որովհետեւ շատ լավ գիտեն, որ այն վիճակը, որ Հայաստանում կա, անընդունելի է մեր ժողովրդի համար»,-նշեց նա: Սակայն, ըստ Ռուստամյանի, մարդիկ պետք է քվեարկեն այն ուժին, որն իսկապես կարող է փոխել այս իրավիճակը: «Շատերն ասում են՝ հավատացե՛ք, որ կփոխենք, բայց մի՛ կպեք նախագահին ու նրա աթոռին: Այդ պարագայում ինչպե՞ս կարող է բան փոխվել: Մի մասն ասում է՝ փոխենք նախագահին, բայց աթոռը մնա: Եթե նրանց թվում է, որ փոխելով նախագահին, բայց ոչ համակարգը՝ մի բան կստացվի, չարաչար սխալվում են: Այդպես միայն մարդկանց փոփոխություն կլինի: Այս վիճակը փոխելու հիմնական միջոցը համակարգը փոխելն է»,-ասաց Ռուստամյանը: Ըստ նրա՝ իրավիճակն արմատապես փոխելու համար չպետք է թույլ տալ, որ մեկը հնարավորություն ունենա առկա լծակներն իր շահերի համար օգտագործելու: Ռուստամյանը երեկ նույնիսկ հիշեց մի ժողովրդական հեքիաթ, որի հերոսը, սպանելով հրեշին, հետո ինքն է դառնում հրեշ: «Չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկը յուրացնի իշխանությունը: Այո՛, մեղավորներին պատժենք ու ազատվենք նրանցից, բայց նաեւ ազատվենք այդ արգելված պտուղն ուտելու գայթակղությունից: Վաղը, եթե մենք եկանք իշխանության, ընդդիմությանը կտանք լծակներ մեզ վերահսկելու»,-նշեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս