Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գյումրի էին այցելել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները: Որպեսզի հնարավորինս շատ մարդ հավաքվի Թատերական հրապարակում, կազմակերպվել էր համերգային ծրագիր: Բայց գյումրեցիները քիչ էին, կարելի է ասել՝ ՕԵԿ նախագահի սպասելիքները չարդարացան. դժվար թե կարողանա մեծ թվով ձայներ հավաքել Շիրակից:
Ելույթով հանդես եկան ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Հովհաննես Մարգարյանը: Նրանք գյումրեցի ընտրողներին կոչ արեցին պարտադիր մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ կատարել ճիշտ ընտրություն: «Ինչ էլ լինի, ինչքան էլ փորձեն շիրակցիներին շեղեն իրականությունից, միեւնույն է, շիրակցիները չեն շեղվի, որովհետեւ նրանք քաջ գիտակցում են, թե ինչ է նշանակում գրոշներով վստահության քվե տալը: Նաեւ քաջ գիտակցում են, թե ինչ է նշանակում վստահության իրական քվե տալը: Մենք ասում ենք ջիգյարով ձայներ: Ոչ ոքի երբեք չի հաջողվել Շիրակ աշխարհին ծնկի բերել եւ գրոշներով վստահություն գնել»,-հայտարարեց Հովհաննես Մարգարյանը: Նա իրեն համարեց նամուսով պատգամավոր եւ այդ դիրքերից նշեց. «Աղաչում եմ ձեզ, թեկուզ չընտրեք, բայց փողով ձայն չտաք: Բուլետինը դարձրե՛ք Ինդոնեզիայի քարտեզը: Գրե՛ք հայհոյանք, գրե՛ք անեծք, որպեսզի հանգիստ քնեք»:
Արթուր Բաղդասարյանը, լսելով Մարգարյանի ելույթը, ենթադրեց, որ անհանգստանալու կարիք կա: «Անհանգստացած ա, փողերը բաժանե՞լ են արդեն»,-հարցրեց նա եւ լսեց գյումրեցիների դրական պատասխանը:
«Մենք ԱԺ-ում ունենք պատգամավորներ, որոնք հա՛մ խուլ են, հա՛մ լալ են: Խուլ եւ լալ լինելով հանդերձ, ինչպես իրենք են ասում մասնավոր զրույցներում, փողը կտանք՝ կառնենք: Ոնց որ մի կիլո կարագ են առնում կամ մի կիլո միս: Դրա համար հայ ժողովուրդը մայիսի 7-ից հետո եթե նորից պտի ասի վատ եմ ապրում, պետք ա առաջին հերթին իրան մեղադրի, որովհետեւ ինքը չի կարա լավ ապրի: Ո՞նց լավ ապրի, եթե մարդիկ թքում են ձեր թասիբի, արժանապատվության վրա»,-շեշտեց ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը:
Միեւնույն ժամանակ նա ընտրողներին կոչ արեց ընտրակաշառք առաջարկելու դեպքում չհրաժարվել, սակայն ձայնը տալ նրան, ում ուզում են:
«ՆԱՄՈՒՍՈՎ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՉԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ