Ապրիլի 28-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախկին քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանը հանցանշանների բացակայության հիմքով արդարացվեց: Վերջինս մեղադրվում էր մի քանի անհատների եւ ընկերությունների անձնական սեփականությունը հափշտակելու մեջ: Ֆելիքսի հոր՝ Պետրոս Գեւորգյանի վկայությամբ՝ նախաքննության փուլում ոստիկաններն իր որդուն կտտանքների են ենթարկել՝ դաղել շիկացած երկաթով, ծեծել, եղունգները քաշել, որպեսզի վերջինս մի շարք հանցագործություններից մի քանիսն իր վրա վերցնի:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Գեւորգյանն անազատության մեջ էր հայտնվել դեռեւս 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 33-ամյա երիտասարդը մեղադրվում էր ապօրինի զենք հափշտակելու եւ պահելու համար: Գեւորգյանը համաներումով ազատվել էր, սակայն նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումները չէին դադարել: Արդյունքում Գեւորգյանին կրկին ձերբակալել էին մեկ այլ մեղադրանքով: Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որի մեղադրական եզրակացությունում նշված էր, որ նա 2011թ. մարտ ամսից մինչեւ 2011թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում թվով չորս դրվագ գողություն է կատարել: Մասնավորապես, իբրեւ թե 2011թ. մարտին Ֆելիքսը կոտրել է «Ալիխանյան եղբայրներ» արտադրամասի պատուհանները եւ այնտեղից գողացել էլեկտրական շարժիչներ: «Էդ շարժիչները, չեք պատկերացնում, մոտ 50 կգ է, դա անգամ քանդել չի լինում, այն էլ քանդել ու մենակ այնտեղից տանել, դա ընդհանրապես հնարավոր չէ, ասում են «Արաքս» գործարանից կաբել է գողացել 500 մետր, այսինքն՝ ինքը մենակ մեկ տոննա կարողացել է կաբե՞լ գողանալ»,-ավելի վաղ «Ժողովուրդ»-ին ասել էր Ֆելիքսի հայրը:
Ֆելիքսի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասով եւ 2-րդ մասի 3-րդ կետով. այս մեղադրանքը նախատեսում է մինչեւ վեց տարվա ազատազրկում: Նախկին քաղբանտարկյալի հայրը` Պետրոս Գեւորգյանը, մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքն Աջափնյակ համայնքի ՀԱԿ գրասենյակի ղեկավարն է, եւ այդ պատճառով իր որդուց փորձում են վրեժխնդիր լինել:
Ի վերջո, օրերս դատարանը որոշում կայացրեց եւ Ֆելիքս Գեւորգյանին հանցանշանների բացակայության հիմքով արդարացրեց: Մեղադրվողի հոր զարմանքն ակնհայտ էր: Գեւորգյանի ընտանիքը հույս չուներ, որ, իրենց իսկ խոսքով, «օրերից մեկ օր այս երկրում արդարություն կհաստատվի»: Ֆելիքսի հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ողջունում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը. «Դավիթ Բալայանի օբյեկտիվ ու անկողմնակալ գործելաոճը համարում եմ արդարադատության ոլորտում լուրջ առաջընթաց եւ մեծ ձեռքբերում»:
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՆ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ