«Օդնոկլասնիկին»՝ հերթական դժբախտության պատճառ. ամուսինը խեղդամահ է արել դավաճան կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը Արթիկ քաղաքի 48-ամյա բնակիչ Արտյոմ Ղազարյանի գործով բերված վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել և ուղարկվել է նույն դատարան՝ այլ կազմով կրկին քննելու համար:

Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանն Արտյոմ Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ իր կնոջը՝ Ցողիկին խեղդամահ անելու համար և դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող Արտյոմ Ղազարյանը 2009 թվականից փաստական ամուսնական կյանք է վարել ՌԴ քաղաքացի, 1986 թվականին ծնված հայազգի Ցողիկի հետ: 2012 թվականի փետրվարի 12-ին Արտյոմ Ղազարյանն արտաքսվել է Ռուսաստանից՝ բնակության և հաշվառման կանոնները խախտելու համար ու վերադարձել է Արթիկ: Երկու ամիս անց Արթիկ է ժամանել Ցողիկը՝ 2010 և 2011 թվականներին ծնված իրենց մանկահասակ երեխաների հետ:

2012 թվականի դեկտեմբերի սկզբին առանց ամուսնու համաձայնության Ցողիկը երեխաներին թողել ու միայնակ մեկնել է Անապա՝ արտագնա աշխատանքի: Ավելի ուշ Արտյոմն ու Ցողիկը երեխաների հետ Արթիկում բնակվել են վարձակալությամբ: Ցողիկը հաճախ երեխաներին թողել է սկեսուրի խնամքին, ինքը տարբեր տաքսիներով երթևեկել, ոգելից խմիչք է օգտագործել, տղամարդկանց հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, շփվել համացանցով: Արտյոմը կասկածել է կնոջն ու սկսել հետևել նրան:

Երբ ամուսինը վիճաբանել է Ցողիկի հետ և պահանջել, որ չխոսի տղամարդկանց հետ, չհեռանա տնից, այլ երեխաներին խնամի, Ցողիկը պատասխանել է. «Էտո նե տվայո սաբաչյե դելո, ուր ուզեմ՝ կգնամ, ում հետ ուզեմ՝ կխոսամ»: Մայիսին Ցողիկն ավելի հաճախակի է բացակայել տնից, երթևեկել ինչ-որ արծաթագույն «Մերսեդեսով»: 2013 թվականի մայիսի 31-ին Ցողիկը նորից երեխաներին թողել, ինչ-որ տեղ է գնացել: Ուշ երեկոյան նա Արտյոմի ընկերոջ տուն է գնացել խմած, ձեռքին՝ մի շիշ գարեջուր և ձուկ: Ժամը 23-ին ամուսիններն իրենց տուն են գնացել, նստել են խոհանոցի սեղանի մոտ, ծխել են, մոտ մեկ ժամ զրուցել: Արտյոմը Ցողիկին մեղադրել է դավաճանության համար, իսկ Ցողիկը ծիծաղել է ամուսնու վրա ու հեգնել նրան: Եվ Արտյոմի համբերության բաժակը լցվել է:

Նա ոտքի է կանգնել, մոտեցել Ցողիկին: Վերջինս սեղանի վրայից վերցրել է դանակը, նստած տեղից ասել է՝ չմոտենաս, կխփեմ: Արտյոմը աջ արմնկային մասով բռնել է կնոջ պարանոցից: Ուժեղ սեղմելու համար ձախ ձեռքով էլ բռնել է իր աջ ձեռքը: Ցողիկը դիմադրել է, ամուսինները կորցրել են հավասարակշռությունը: Ցողիկն աթոռից ընկել է գետնին, Արտյոմն էլ է ընկել՝ շարունակելով սեղմել կնոջ պարանոցը: Ընկնելիս Ցողիկը դանակով հարվածել է Արտյոմին: Բայց վերջինս չի էլ զգացել, որ վնասվածքներ է ստացել ոտքի ու որովայնի հատվածներում: Նա շարունակել է սեղմել Ցողիկի պարանոցը…

Ցողիկը սկսել է թպրտալ, շարժել է ոտքերն ու ձեռքերը: Երբ Ցողիկն անշարժացել է, Արտյոմը թողել է նրա պարանոցը, տեսել է, որ չի շնչում: Վախեցել ու սկսել է արհեստական շնչառություն տալ, ապա տեսնելով, որ չի կարողանում կենդանացնել, գնացել է հարևանի տուն ու ասել. «Ցողիկը մեռավ»: Հարևանը հանկարծակիի է եկել ու հարցրել. «Ցողիկն ո՞վ է»: Արտյոմը կրկնել է. «Կնիկս մեռավ»: Նախաքննության ժամանակ ու դատարանում որպես վկա հարցաքննված տղամարդիկ ասել են, որ Ցողիկը Արտյոմի մասին ասել է, թե նա «բիվշի» մարդն է, «կազյոլ» է: Ցողիկը «Օդնոկլասնիկի» կայքում գրանցված է եղել ու տղամարդկանց հետ ծանոթացել է «Սծերվա» անունով: Մինչ մայրիկն ազատ կյանք է վարել, երկու մանկահասակ երեխաները գտնվել են տատիկի խնամքին:

Չորսամյա թոռը «մայրիկ» է ասում մորաքրոջը, ում տանը հիմա ապրում են երեխաները, իսկ հորն ասում է Արտյոմ, ու հեռախոսով հետը խոսելիս հարցնում է, թե ինչո՞ւ հայրն իրենց մոտ չի գնում: Արտյոմը չի հասցրել հայրություն ճանաչել, երեխաների մայրը որպես միայնակ մայր է գրանցված եղել: Սակայն Արտյոմը դատարանում վստահեցրել է, որ նրանք իր երեխաներն են:

Վերաքննիչ դատարանն այս գործը քննել է վերաքննության կարգով, և դատարանի ուշադրության կենտրոնում էր դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որտեղ մասնագետը նկարագրել էր դավաճանված Արտյոմի հոգեվիճակը հանցագործության պահին. լարվածություն, սթրեսային վիճակ, տևական ժամանակ հոգեճնշված վիճակում գտնվել, կնոջ դավաճանության հաստատում, բացասական հույզերի կուտակում, շփոթահարություն և այլն:

Վերաքննիչ դատարանի հարցին, թե ինչո՞ւ չէր բաժանվում իրեն դավաճանող կնոջից, ինչո՞ւ էր հանդուրժում կնոջ վատ վերաբերմունքն ու անբարո վարքագիծը, Արտյոմը պատասխանել է, թե ամոթ էր, չէր ուզում, որ խայտառակ լինի մարդկանց մեջ, երեխաներն էլ մեծանում էին: Հիմա երեխաները մեծանում են անհայր ու անմայր…




Լրահոս