Հարավաֆրիկյան հանրապետությունում այսօր սկսվում է պարաօլիմպիկ խաղերի մասնակից Օսկար Պիստորիուսի դատավճռի հրապարակումը:
Նա մեղավոր է ճանաչվել իր ընկերուհու՝ Ռիվա Սթինքամփի սպանության մեջ: Այս գործի դատաքննությունն ընթանում է գրեթե 2 տարի:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ոչ կանխամտածված սպանության համար պատժաժամկետը կարող է տատանվել տուգանքից մինչև 15 տարվա ազատազրկում: Պատժաչափի մասին որոշում պետք է կայացնի դատավոր Տոկոզիլե Մասիլան:
Փորձագետներից շատերը համարում են, որ Պիստորիուսը բանտում չի հայտնվի, քանի որ նա առաջին անգամ է հանցանք գործել, բացի այդ՝ մանկուց հաշմանդամ է: Հայտնի է, որ դատավոր Մասիլան նախկինում կանանց դեմ բռնությունների գործերի դեպքում շատ կոշտ դատավճիռներ է կայացրել. այդ պատճառով չի բացառվում, որ մարզիկն, այնուամենայնիվ, կհայտնվի ճաղերի ետևում:
Դատապաշտպանների պնդմամբ՝ Ռիվա Սթինքամփի մահը դժբախտ պատահականութուն է եղել: Սիրահարների օրն աղջիկը որոշել է սիրեցյալին անակնկալ մատուցել և եկել է նրա տուն, սակայն տղամարդը նրան կողոպտիչի տեղ է դրել ու գնդակահարել: