Հայկական ժամանակ.Գագիկ Ծառուկյանը մի որոշում պետք է կայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ներքաղաքական կյանքի հիմնական ինտրիգը հետևյալն է. արդյո՞ք ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը կոալիցիա կկազմի Հանրապետականի հետ: Թե Հանրապետականում, թե ԲՀԿ-ում կան ուժեր, որոնք կողմ են կոալիցիա կազմելուն, մյուս կողմից` թե՛ ՀՀԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում կան ուժեր, որ դեմ են կոալիցիա կազմելուն: ՀՀԿ-ի հակաբհկականները հաշվարկում են, որ եթե Գ. Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը կոալիցիայի մաս չկազմի, կերակրատաշտի իրենց բաժինը կմեծանա, ՀՀԿ-ն առնվազն շորս նախարարական պորտֆել ավելի կունենա` սրանից բխող հետևանքներով: Ի՞նչ իմանաս, գուցե բիզնես դաշտում էլ հորիզոններ բացվեն: Նրանք, ովքեր կողմ են ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, մտածում են, որ առնվազն մինչև նախագահական ընտրությունները Ծառուկյանին ու իր ղեկավարած կուսակցությանը պետք է պահել Սերժ Սարգսյանի թիմի տիրույթում, այդ ընտրությունները հանգիստ գլուխ բերելու համար:
Հարցերի հարցը, ահա, հետևյալն է. ի՞նչ է լինելու նախագահական ընտրություններից հետո: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մի բան առնվազն պարզվեց. Ռոբերտ Քոչարյանի անունը չի լինի նախագահական առաջիկա ընտրությունների քվեաթերթիկում: Բայց ի՞նչ է անելու այդ ընտրություններում ԲՀԿ-ն: Եթե հարցը դիտարկենք ընթացիկ տրամաբանության մեջ, ԲՀԿ-ի համար հիմնական տարբերակները երկուսն են. պաշտպանել Սերժ Սարգսյանին, չպաշտպանել Սերժ Սարգսյանին: Ամբողջ խնդիրն այն է, ահա, որ ՀՀԿ-ի տրամաբանությամբ՝ այս տարբերակները ոչինչ չեն փոխում ԲՀԿ-ի հետագա ճակատագրի իմաստով: Եթե Ծառուկյանը պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ու վերջինս մնա Բաղրամյան 26-ում, մի՞թե նա կհանդուրժի, որ ԲՀԿ-նշարունակի գոյություն ունենալ, որ հետագայում էլ սկսի պրոբլեմներ ստեղծել ՀՀԿ-ի համար:
Եթե ԲՀԿ-ն կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին, իհարկե՛ կորցնելու է բողոքական այն էլեկտորատը, որ գուցե թե ԲՀԿ-ի մեջ է տեսել բողոք արտահայտելու ձևը: Այսօր բազմաթիվ կողմերից է հնչում, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով, Սերժ Սարգսյանին պաշտպանելով՝ Ծառուկյանը դառնալու է ԱԽՔ, ԲՀԿ-ն` ՕԵԿ: Այս մեկնաբանությունը դժվար է անհիմն համարել: Բայց մյուս կողմից, արդյո՞ք պատրաստ են Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն լինել ընդդիմություն, որովհետև ընդդիմություն լինելը կարող է նշանակել բանտ, սնանկացում, հետապնդումներ:
ԲՀԿ-ի դեպքում նրբությունն այն է, որ կոալիցիա կազմելու պարագայում էլ նախագահական ընտրություններից հետո Բերեզովսկու և Գուսինսկու ճակատագիրը կարող է սպառնալ Գագիկ Ծառուկյանին: Պատվավոր աքսոր Դուբայ կամ Ռիգա, որտեղ ԲՀԿ ղեկավարը վերջերս հյուրանոց ձեռքբերեց: Մեծ հաշվով, ահա, ընթացիկ քաղաքական շրջանում Գագիկ Ծառուկյանը մի որոշում պետք է կայացնի, սեփական խաղ խաղալ և ռիսկի տակ դնել ամեն ինչ, կամ՝ տրվել Սերժ և Սաշիկ Սարգսյանների քմահաճույքին և կրկին ռիսկի տակ դնել ամեն ինչ: ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը միշտ էլ ընտրել են միջին տարբերակ, բայց այս անգամ միջին տարբերակ կարծես թե չկա:
 




Լրահոս