Հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, պատկանում է այն անձանց թվին, որոնց մասին մշտապես խոսում են: Նա համարվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորը: Հենց նրանց շնորհիվ էլ օրիգարխն այս տարիների ընթացքում կարողացել է հսկայական հարստություն և բիզնեսներ ձեռք բերել: Նա նաև ՀՀ նախագահի երեխաների քավորն է:
Ինչպես հայտնի է՝ նա «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է: Բացի այդ՝ նրան է պատկանում «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը, «Արարատ» բանկը` համասեփականատիրոջ իրավունքով, հանրապետության ողջ տարածքում անթիվ բենզալցակայաններ, օբյեկտներ և այլն: Բ. Բեգլարյանը նաև խոշոր հարկատու է և այդ ցանկում մշտապես զբաղեցնում է 5-6-րդ հորիզոնականները: Ըստ 2013թ. վիճակագրության՝ հունվար-դեկտեմբերի ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել 11 մլրդ 446 մլն 011 հազար 200 դրամ: Տ. Սարգսյանի կառավարությունն ակտիվորեն սատարել է նրան: Օրինակ` դեռ անցյալ տարի կառավարությունն իր պահուստային ֆոնդից 43 մլն դրամ էր տրամադրել Գյուղատնեսության նախարարությանը, որով վերջինս պետք է հողօգտագործողների համար դիզվառելիք ձեռք բերեր: Որպես դիզվառելիքի ձեռքբերման աղբյուր, բնականաբար, արդեն իսկ նշված է եղել Բ. Բեգլարյանի ընկերությունը:
Նա շատ հազվադեպ է պատասխանում այս կամ այն լրատվամիջոցի հարցերին և Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի կամ այլ հարցերի վերաբերյալ դժվար է նրանից որևէ մեկնաբանություն ստանալ: Դրա փոխարեն, նա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվում որդիների հարսանեկան արարողությունների շնորհիվ: Նման դեպք գրանցվեց հենց վերջերս: Օրեր առաջ տեղի է ունեցել նրա կրտսեր որդու հարսանիքը, որին էլ մասնակցել է ողջ իշխանական էլիտան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ: