Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության կայքը։
Հրապարակվել է նաև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունն անգլերենով, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերենով:
Եզրակացության ամփոփիչ հատվածում մասնավորապես ասվում է.
«…82. Հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:
83. Նախագծի նպատակը երկիրը Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների լիարժեք իրականացմանը մոտեցնելն է: Չնայած այն կբերի զգալի փոփոխություններ, սակայն չի հանդիսանա ներկա սահմանադրական համակարգից հրաժարում: Այն կհենվի 2005 թ. ընդունված սահմանադրական բարեփոխումների վրա` շտկելով որոշ թերություններ, որոնք առաջացել են դրանց իրականացման ընթացքում:
84. Ուստի բարեփոխումների նպատակներն ու ընդհանուր մոտեցումն արժանի են ուժեղ աջակցության: Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական դիրքորոշումներին, և Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ տարբեր կարծիքների փոխանակման ընթացքում իր զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել:
85. Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Ամեն դեպքում, համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա:
86. Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ իր եզրակացության հիման վրա հայեցակարգի նախագիծը կլրամշակվի և կներկայացվի Հայաստանի Հանրապետության Նախագահին: Այնուհետև, նախագիծը պետք է վերափոխվի սահմանադրական փոփոխությունների կոնկրետ փաթեթի: Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է Հայաստանի իշխանություններին և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին շարունակել իրենց ջանքերը ներգրավելու հանրությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես` քաղաքական կուսակցություններին: Հանձնաժողովի կարծիքով, հայեցակարգի նախագիծը բարեփոխումների լուրջ հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բաց թողնել:
87. Վենետիկի հանձնաժողովն ուրախ կլինի շարունակել համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ այս կարևոր բարեփոխումների համար»։
Հրապարակվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ