Կատաղի պայքար` փոխվարչապետի պաշտոնի համար. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին լուրերի ֆոնին կառավարության ներսում կատաղի պայքար է ընթանում փոխվարչապետի պաշտոնի համար։ Այս պահին հիմնական հավակնորդը, ասում են, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Ասում են` Բեգլարյանը կարծում է, որ սա կլինի շատ թե քիչ արժանի փոխհատուցում` իրեն Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու համար, մի բան, որ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կազմակերպած PR արշավի հետևանքով։
Այսուհանդերձ, փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու հավակնություններ ունի նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նրա թեկնածությանը, սակայն, դեմ է Հովիկ Աբրահամյանը, որովհետև կարծում է, որ ֆինանսների նախարարն առանց այն էլ սուպերկառույցի գլխին է կանգնած, իսկ դառնալով փոխվարչապետ` կդառնա վարչապետին հավասար ազդեցություն ունեցող։
Հովիկ Աբրահամյանի թեկնածուն, ասում են, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է։ Վերջնական որոշումը, սակայն, պետք է կայացնի Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք նաև, որ փոխվարչապետ նշանակվում է նախարարներից որևէ մեկը, և այդպիսի առանձին պաշտոն գոյություն չունի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս