ՄԱՐԶՊԵՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի եւ Արագածոտնի մարզերն ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին քիչ ձայն են բերել: «Ժողովուրդ»-ը զրուցել է Շիրակի մարզպետ, ՀՀԿ-ական Աշոտ Գիզիրյանի եւ Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի հետ` պարզելու համար, թե արդյոք մտահոգված չեն, որ առաջիկայում իրենց կարող են պաշտոնանկ անել  վատ աշխատանքի համար:

Շիրակի մարզպետ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆ
-Պարո՛ն Գիզիրյան, տեղեկություններ կան, որ Ձեզ օրերս պաշտոնանկ են անելու այն բանի համար, որ ՀՀԿ-ն Ձեր մարզում քիչ ձայներ է հավաքել:
-(Ծիծաղում է-Ս.Գ.)Առաջին հերթին պաշտոնանկ անողը ես չեմ՝ մեկ, երկրորդը՝ ով որ ասում ա՝ լավ չի աշխատել, գլուխը պատովն ա տալիս, կարող եմ վերցնել ցուցանիշները` նայենք: Ի՞նչ պաշտոնանկության հարց (ծիծաղում է-Ս.Գ.), ես չեմ իմանում պաշտոնանկության մասին, առաջին անգամ ձեզանից եմ լսում: Ասեմ, որ ես այդքան էլ աթոռից կպած չեմ, բայց դրանք հերյուրանքներ են:
-Տեղեկություններ կան, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը դժգոհել է Ձեր աշխատանքից:
-Սերժ Սարգսյանն ի՞նքն է ձեզ այդ ամենի մասին ասել: Մի րոպե ասեմ, ի՞նչ է նշանակում՝ քիչ ձայն եք բերել, երբ որ ՀՀԿ-ն մարզում 46 հազար 121 ձայն է հավաքել: Գյումրիից բացի, 50 տոկոսն անցել ենք, այո՛, մեր խնդիրը միայն Գյումրիում է եղել: Բայց ես դա չէի վերագրի, որ Գյումրին ՀՀԿ-ին չի ընդունում:
-Իսկ ինչո՞ւ եք Գյումրիում քիչ ձայն հավաքել, ի՞նչն էր խնդիրը:
-Կարծում եմ՝ ճիշտ չենք կազմակերպել աշխատանքները, միայն ու միայն: Ժողովրդի հետ կապված որեւէ խնդիր չկար: Այսքան տարի շփումներ եմ ունեցել, ես չեմ նկատել, որ ժողովուրդը դժգոհ ա էդքան շատ, որ ձայն չտար: Ճիշտ չի կազմակերպվել աշխատանքները: Եթե դժգոհ լինեին, ամբողջ Շիրակի մարզի ցուցանիշները շատ ցածր կլինեին: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերագրել, որ լավ չենք աշխատել… բա ո՞նց հասկանաք, էդ ձայները որտեղի՞ց ա եկել:
-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, թե «ճիշտ չենք կազմակերպել աշխատանքները», գուցե ընտրակաշա՞ռքը տեղ չի հասել:
-Ամեն մի տարածքի համար պատասխանատու կա, պետք է նայեք, թե ով է եղել Գյումրու պատասխանատուն, եւ իրենից էլ հարցնեք: Ես ընդհանրապես առաջին անգամ եմ դա լսում,  ամբողջ կյանքումս ընտրակաշառքի դեմ պայքարել եմ: Ի՞նչ է թվում ձեզ, ես նման բանի մեջ կմտնեի՞: Նման բան Շիրակի մարզում չի եղել:
-Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դժգոհել է նաեւ այն բանի համար, որ Գյումրիում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը ընտրվեց պատգամավոր եւ ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուն:
-Եկե՛ք նախագահի մասին չխոսենք՝ բարկացել է, թե չի բարկացել, ՀՀԿ-ի թեկնածուն շատ նորմալ անձնավորություն էր ու քիչ ձայն չի հավաքել: Կարծում եմ՝ միակ բանը, որի պատճառով պարտվեց Արման Սահակյանը, այն է, որ գյումրեցիների մոտ ինչ-որ տեղայնական բան գնաց, ես այդ կարծիքին եմ:

Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Շրջանառվող լուրերի համաձայն` շուտով Ձեզ պաշտոնանկ են անելու:
-Չէ հա՞, անիմաստ խոսակցություններ են, ձեր գործո՛վ եղեք, աղջի՛կ ջան: Մի խելառ ասում է, հո դրա ասելո՞վ չէ:
-Պատճառն այն է, որ Դուք ընտրությունների ժամանակ լավ չեք աշխատել ՀՀԿ-ին ձայներ բերելու համար:
-Էդ դո՞ւք եք որոշողը, ուրեմն իմացե՛ք, որ Հանրապետական կուսակցությունը շատ գոհ է մեր աշխատանքից: Էսօր ժողովրդի 45 տոկոսը ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը: Ամբողջ Եվրախորհուրդը գրեց, որ հիանալի ընտրություններ են ընթացել, աննման ընտրություններ են անցկացվել: Մենք հիանալի ենք աշխատել:
-Քարոզչությա՞ն առումով եք լավ աշխատել, թե՞ ընտրակաշառք բաժանելու:
-Բա սազո՞ղ հարց ես տալիս: Զանգել եք մարզպետին, նման թեմայով եք խոսում: Խոսե՛ք ընդհանուր թեմաներից, պետությունից, տնտեսությունից:
-Ժողովուրդն անգամ իր զայրույթն արտահայտելու համար քվեաթերթիկների վրա գրել է, թե ինչքան ընտրակաշառք է բաժանել ՀՀԿ-ն, ու գցել արկղը:
-Ժողովուրդը չի գրել, մի հատ էշի քուռակ, սրիկա գրել ա, ուրեմն մի հատ գժի գրածը պետք է դարձնեք 1,5 միլիոն քվեարկողների տեսակե՞տը: Դա չարամիտ մարդկանց գրած է եղել, թե մի հատ խելառ ինչ է գրել` դարձնում եք քննարկման թեմա:
-ՀՀԿ-ականները քննարկում են կոալիցիայի հարցը, Դուք ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է կրկին ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմելը:
-Հիմա կոալիցիայի հարց չի քննարկվել, նման ինֆորմացիա ես չունեմ, ինձ նման քննարկման չեն հրավիրել: Կուսակցությունը ոնց որոշեց, դա ինձ համար ընդունելի է՝ բոլոր տարբերակները:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս