ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՆԱ ԱԺ
«Քանի որ ՀԱԿ-ն ունի մանդատները վերցնելու եւ խորհրդարան մտնելու որոշում, ապա կարծում եմ՝ այդ հարցն ավելորդ է»,-«Ա1+»-ի հարցին, թե ինքը պատրաստվում է վերցնել պատգամավորի մանդատը, ասել է  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

ԷԼ ԲԱՐԻ ՉԵՆ
Ոստիկանությունն ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Մինչդեռ բնապահպան ակտիվիստները պնդում են, որ ոստիկանները բռնություն են կիրառել իրենց նկատմամբ, 7 մարդու տեղափոխել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել իրենց դեմ բռնություն կիրառած ոստիկաններին:

ԿԱՐԾԻՔ
ԲՀԿ համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Մարգարյանը  հայտարարել է, որ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան  հնարավոր չի համարում: «Ընտրությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որը տարբեր քաղաքական ուժերի պոտենցիալի օգտագործման, ներքաղաքական համերաշխության եւ համագործակցության տեսակետից այնքան էլ նպաստավոր չէ: Փաստորեն, ՀՀ Ազգային Ժողովում Հանրապետական կուսակցությունը ստացավ քաղաքական մենաշնորհի իրավունք: Ինչպե՞ս դա կանդրադառնա երկրի զարգացման հետագա ընթացքի վրա,  գուշակություններ չանենք, շատ արագ կերեւա»,-կարծիք է հայտնել Մարգարյանը:

ՃՈՅՏԸ «ՔՑԵ՞Լ» Է
Նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող, Էջմիածնում գտնվող «Զվարթնոց» հյուրանոցի եւ խաղատան հարեւանությամբ մայիսի 9-ին մի խումբ կանայք բողոքի ակցիա են անցկացրել` դժգոհելով, որ Հ. Հակոբյանն իրենց առաջարկել է գումարի դիմաց ընտրությունների ժամանակ իր օգտին քվեարկել, սակայն մինչ օրս նրանց գումարը չի տալիս: Հակոբ Հակոբյանը NEWS.am-ին ասել է, որ այդ կանայք իր շտաբի վստահված անձինք են եղել՝ միեւնույն ժամանակ չբացառելով, որ դա «իր դեմ սարքված շոու է»:  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (նախագահ` Մանուել Գասպարյան) հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է անվավեր ճանաչել 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի կեղծված ընտրությունները: «Հայտարարությունը բաց է՝ ստորագրելու բոլոր այն առողջ քաղաքական ուժերի համար, որոնք մտահոգ են երկրի ապագայով»,-նշված է հայտարարության մեջ, որին, սակայն, ՀԱԿ անդամներից ոչ մեկը դեռ չի միացել:

ՆՈ՞Ր ՀԻՇԵՑ
ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանը պահանջում է անվավեր ճանաչել թիվ 30 ընտրատարածքում անցկացված ընտրությունները: Երեկ նա բողոք է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` վիճարկելով ինչպես  ընտրություններում հաղթած  Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, այնպես էլ ընտրությունների արդյունքները: Որպես առաջին պահանջի հիմնավորում՝ Դալլաքյանը նշել է, թե Էդմոն Մարուքյանը վերջին 5 տարվա ընթացքում անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում:

ԽԱԽՏԵԼ ԵՆ
«Չորրորդ ինքնիշխանություն», «Հայացք» եւ «Ժամանակ» թերթերը մայիսի 5-ին` խորհրդարանական ընտրություններին նախորդող լռության օրը, իրականացրել են քարոզչություն, ինչն օրենքով արգելվում է: Այս մասին հայտնել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի տնօրեն Տաթեւիկ Փիրումյանը: Լռության օրն այս թերթերում քարոզչական նյութերի առկայության մասին ասոցիացիան պարզել է՝ 2012թ. մարտի 12-ից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մոնիթորինգի ենթարկելով 16 թերթերի:




Լրահոս