Հայաստանում առաջին անգամ կանցկացվի թոնրին նվիրված փառատոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարի առաջին անգամ Հայաստանում կանցկացվի թոնրատոն, որը նվիրված է հայկական ավանդական թոնրին. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում”հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
“Տոնը անցկացնելու ենք Սևանի տարածաշրջանի Ծաղկունք գյուղում: Այն կանցկացվի երկու օր: Առաջին գիշերը Արագածի վրա կրակ է վառվելու, որից հետո այդ կրակը տանելու են Ծաղկունք գյուղ և վառելու են թոնիրը: Կլինեն նավասարդյան խաղեր և թոնրի մեջ ու վրա պատրաստվող բոլոր կերակրատեսակների ցուցահանդես-համտես”,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
Նշենք, որ տոնի անցկացման համար ընտրվել է հայկական Նավասարդի օրը՝ օգոստոսի 11-ը:
Ս.Մամուլյանը նաև նշեց, որ շատ է կարևորում հայկական թոնրի գաղափարը, որն անհրաժեշտ է պահպանել, քանի դեռ մեր հարևան երկրները չեն յուրացրել այն։ Բացի այս փառատոնից, կանցկացվեն ևս երեք փառատոներ, որոնք կազմակերպվել են նաև նախորդ տարիներին:
Հուլիսի 11-ին կլինի տոլմայի փառատոն՝ Սարդարապատում, սեպտեմբեր 8-ին տեղի կունենա խորովածի փառատոն՝ Ախթալայում և հոկտեմբերի 6-ին կլինի գինետոնը, որի ժամանակ կներկայացվեն նաև ազգային ուտեստներ:




Լրահոս