ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային ժողովում

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն այժմ էլ որոշել է նոր մեթոդներ մշակել ու «դաստիարակել» լրագրողներին: Նրա կարծիքով մինչ այժմ լրագրողներն անօրինական են աշխատել խորհրդարանում, եւ ժամանակն է ձգել բոլորի «գոտիները»: «Իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել ԱԺ պատգամավորների, ԱԺ նիստերին ներկա գտնվող անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը»,-ահա, այսպիսի տափակ փափագ է ձեւակերպել կալանավայրերի նախկին խոսնակ Բաբայանը: Նա, չգիտես ինչու, իրեն իրավունք է վերապահում պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին փրկել լրագրողներից: Ասել է թե՝ ԱԺ-ում «ղալաթները» շարունակվում են՝ …աբար:

 

 
ՀԱՐՑ. 12 տարեկանում երեխայիս մոտ ի հայտ եկան աուտիզմ հիվանդության ախտանշաններ: Մինչ այդ նա հաճախում էր հանրակրթական դպրոց: Սակայն հիվանդության երեւան գալուց հետո նա չի ցանկանում հաճախել դպրոց: Կցանկանայի տեղեկանալ, արդյո՞ք երեխան պետք է հաճախի մասնավոր դասընթացների, եւ, ընդհանրապես, ԿԳՆ-ն ի՞նչ ծրագրեր է մշակում այս հիվանդությամբ տառապող երեխաների կրթությունն ապահովելու համար:

Գեղեցիկ Ավետիսյան (39 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Աուտիզմ ախտանիշ ունեցող երեխաները՝ որպես վարքային եւ հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաներ, «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «է» ենթակետի համաձայն՝ հանդիսանում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Միաժամանակ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-ր մասի պահանջների՝ այս երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:
Այսօր ՀՀ-ում գործում է 23 հատուկ հանրակրթական եւ 139 ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոց, որտեղ համարժեք կրթություն եւ լրացուցիչ հոգեբանամանկավարժական աջակցություն են ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 5000 երեխա, որոնցից շուրջ 2800-ը՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ ծնողներին խորհուրդ է տրվում երեխայի կրթության կազմակերպման համար դպրոց ընտրելիս առաջնորդվել ոչ թե ըստ բժշկական ախտանիշի, այլ հոգեբանամանկավարժական գնահատման արդյունքում երեխայի համար առաջարկված ուսումնական ծրագրի:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է աուտիզմով հիվանդ երեխաների թիվը, ինչը, մասնագետների պնդմամբ, կախված է ախտորոշման որակի բարելավումից: Թե՛ ՀՀ առողջապահության եւ թե՛ կրթության նախարարությունը պետք է համատեղ ծրագիր մշակեն՝ այս հիվանդությամբ տառապող երեխաների խնդիրները կարգավորելու համար, քանի որ մասնագետները նշում են՝ հիվանդության ընթացքը մեղմելու լավագույն տարբերակը մասնագիտական, անհատական մոտեցումն է երեխայի նկատմամբ:

 

 
ՀԱՐՑ. Արդյո՞ք գյուղնախարարությունն ունի հստակ տվյալներ, թե որքա՞ն կկազմի այս տարվա կարտոֆիլի բերքը, կբավարարի՞ այն ներքին պահանջարկը, եւ արդյո՞ք քիչ լինելու հետեւանքով է գինը թանկանում:

Կարինե Վարդանյան (27 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ վիճակագրական տվյալների՝ 2013 թ. կարտոֆիլի համախառն բերքը կազմել է 660.5 հազար տոննա, միջին բերքատվությունը՝ 214.3 ց/հա: 2014 թ. կարտոֆիլի կանխատեսվող բերքը կկազմի 720.0 հազար տոննա, իսկ միջին բերքատվությունը՝ 228.4 ց/հա: Ընդ որում, եթե 2013 թ. կարտոֆիլի ցանք է կատարվել 30.7 հազար հեկտարի վրա, ապա 2014 թ.՝ 31.5 հազար հեկտարի վրա: Այսինքն՝ 2014 թ. կհավաքվի շուրջ 60 հազար տոննայով ավել կարտոֆիլ, քան 2013 թ., եւ այն ոչ միայն լիովին կբավարարի ներքին պահանջարկը, այլեւ հնարավորություն կընձեռվի ավելացնելու արտահանման ծավալները: Ինչ վերաբերում է կարտոֆիլի գներին, ապա, ըստ վիճակագրական տվյալների, 2014 թ. սեպտեմբերին 2014 թ. օգոստոսի նկատմամբ կարտոֆիլի գնաճը կազմել է 5.5 %: Ընդ որում, 2013 թ. սեպտեմբերին միջին գինը կազմել է 178 դրամ, իսկ 2014 թ. սեպտեմբերին՝ 209: Գինը թանկացել է, քանի որ կարտոֆիլի ցանքատարածքների գերակշիռ մասերում բերքահավաքի աշխատանքները չեն ավարտվել:
Գտնում ենք, որ բերքահավաքի աշխատանքների ավարտից հետո, կարտոֆիլի բերքի ծավալների աճին զուգընթաց, կնվազեն նաեւ գները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում նշված են մի շարք պատճառներ, որոնց արդյունքում կարտոֆիլի բերքի թանկացումներ են եղել, սակայն հիմնական պատճառը այն է, որ ՀՀ շատ մարզերում այս տարի ոռոգման ջրի խնդիր է եղել, բնակիչները չեն կարողացել ջրել իրենց հողատարածքները, եւ արդյունքում բերքի սակավություն է: Հուսանք, որ բերքահավաքից հետո ստույգ կտեղեկանանք, թե որքան կկազմի կարտոֆիլի բերքը, կբավարարի՞ ներքին շուկան, եւ արդյո՞ք գները շատ չեն բարձրանա: Սա այն մթերքն է, որը ՀՀ-ում մեծ պահանջարկ ունի, եւ դրա թանկացումը շատ մեծ հարված կլինի մսամթերքից առանց այդ էլ գրեթե զուրկ բնակչության զգալի մասի բյուջեին:

 




Լրահոս