Կանանց աշխարհը շատ յուրօրինակ է եւ հետաքրքիր: Յուրաքանչյուր կին իր տեսակն ունի, իր ձեւով է կազմակերպում իր տան տնտեսությունը: Թե ինչպիսի՞ տանտիկին է Զառա Արամյանը, պարզեցինք հենց իրենից: Տան առեւտուրը կատարում է Զառայի ամուսինը: Քանի որ ինքը վատ է հաշվարկներ կատարում, դրա համար էլ գնումների գործը վստահել է իրավաբան ամուսնուն, ով ավելի պրակտիկ է: Բայց կենցաղային պարագաները Զառան ինքն է գնում: Հաղորդավարուհին նշեց նաեւ, որ ամուսնուն ուղարկում է առեւտրի` ցուցակով: «Ընդ որում, 2 ցուցակ եմ գրում, որովհետեւ Արտաշը տանից դուրս գալուց միշտ մոռանում է մեկը, ես էլ մյուս օրինակը արդեն դրած եմ լինում մեքենայի մեջ», – ժպիտով պատմեց Զառան, նաեւ դժգոհելով, որ չի կարողանում մտաբերել ապրանքների գները, բայց նկատել է, որ ամեն ինչ շատ թանկացել է: Նկատել է, քանի որ նախկինում այն գումարը, որ հատկացնում էր առեւտրի համար, բավականացնում էր, իսկ այսօր` ոչ:«Սարսափելի բան է կատարվում, գները օր-օրի են ավելանում: Այն սպիտակացնող հեղուկը, որը ես գնում էի 800 դրամով, այսօր գնել եմ 2000 դրամով: Ինձ համար դա ոչ թե թանկ է, այլ զարմանալի: Ես իմ բյուջեի մեջ չէի նախատեսել այդքանը այդ հեղուկի համար: Կարող եմ ասել, որ դեղորայքն էլ է թանկացել: Ես դեղեր եմ գնում մեր ընտանիքի եւ ծնողներիս համար, դե, տարեց մարդիկ են, դեղերն անհրաժեշտություն են: Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, ինձ էլ է հարկավոր: Մի դեղ կար, որ 2 շաբաթ առաջ 1600 դրամ էր, այսօր արդեն 3600 դրամ է: Եւ ես չգիտեմ, թե վաղը կամ մյուս օրը այդ դեղն ինչքան կարժենա: Խեղճ ժողովուրդը չի կարողանա իր աշխատավարձով հոգալ իր մինիմալ կարիքները»,- նկարագրեց հաղորդավարուհին` բերելով հենց իր ծնողների օրինակը: Նրա մայրը երկար տարիներ դասախոս է եղել, ինժեներ, հայրը մինչեւ հիմա էլ աշխատում է Թատերական ինստիտուտում, 74 տարեկան է, բաժնի վարիչ, բայց իրենց թոշակը չի բավականացնում գոնե դեղերը գնելու համար:Զառան չհերքեց նաեւ այն, որ օգտվել է փողոցային առեւտրից: Եւ ինչ-որ բան գնելու համար հատուկ չի գնացել որեւէ սուպերմարկետ, այլ գնել է մոտակա փողոցային առեւտրի կետից: Ինչպես նշեց մեր առանձնազրույցում. «Թող այդ մթերքներն էլ լինեն սուպերմարկետներում, բայց այն նույն գնով, ինչ փողոցում էր: Այն, որ առեւտուրը հանվել է փողոցից, մտածում եմ, որ «խեղճ» սուպերմարկետներին մեծ օգնություն էր»:Իսկ այն հարցին, թե որքա՞ն գումար է պահանջվում իրեն` խնամված տեսք ունենալու համար, Զառան ասաց. «Քիչ չի պահանջվում: Այն վարսահարդարը, ում մոտ ես գնում եմ, իմ 15 տարվա մասնագետն է եւ իմ մազերը հարդարում է հին գնով, չնայած որ նույնիսկ մազ ֆենելու գներն են բարձրացել: 2000 դրամով եմ ֆենում մազերս, լինում է նաեւ, որ շաբաթական 2 անգամ եմ ֆենում: Շատ կուզեի հաճախեի պարի եւ յոգայի, բայց ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում ինձ դա թույլ տալ»: Զառան ամբողջ օրը վազքի մեջ է եւ ժամանակ չունի նման տեղեր հաճախելու, չնայած, իր իսկ պնդմամբ, հասկանում է, որ դա էլ առողջ ապրելակերպի տեսակ է: Գերադասում է չծախսել այդ գումարն իր վրա, այլ տրամադրել երեխաներին, որ նրանք հաճախեն պարի, սպորտի:Ճգնաժամը ազդել է նաեւ Զառայի ընտանիքի վրա: Մի քիչ նեղված ասաց. «Ամուսինս այս պահին չի աշխատում եւ այդ ամբողջ հոգսը ինձ վրա է: Շատ եմ չարչարվում, որ կարողանամ բալանս պահել: Ես արդեն 40 տարեկան եմ եւ կուզենայի մի քիչ ավելի հանգիստ կյանքի ռիթմով ապրել, ժամանակ տրամադրեի գիրք կարդալուն, հանգստին, բայց ստիպված եմ ավելի շատ աշխատել: Հենց երեկ էի ամուսնուս ասում, 20 տարի առաջ սկսվեց այս ամենը, երբ ես սկսեցի սովորական թղթակցից, փողոցային հարցազրույցներ վերցնելուց: Նույնիսկ այն ժամանակ այսքան չէի չարչարվում, որքան հիմա: Տարիքն է ուրիշ, ուրիշ ձեւ ես հոգնում»: Զառան վստահ է, եթե իր կրթությամբ մեկը լիներ, օրինակ Ռուսաստանում, այսօր ուրիշ ապագա կունենար եւ այսքան չէր չարչարվի գոնե «մինիմումը պահելու համար»:Հավելեց նաեւ, որ իրենք նույնիսկ չեն գնում հանգստանալու, տան համար ոչ մի նոր բան չեն գնել, բավարարվում են այն ամենով, ինչ ունեն: Մինչեւ հիմա ապրում են ամառանոցում, որը գտնվում է Ոսկեվազում, բայց «բավարարվում ենք եւ Աստծուն փառք տալիս, որ գոնե այսքանն ունենք: Նույնիսկ ամենավատ ու դժվար պահերին էլ Աստծուց շնորհակալ եմ, որ ողջ-առողջ ենք եւ կարողանում ենք աշխատել»,- ասաց լավատես հաղորդավարուհին:Իսկ այն հարցին, թե ի՞նչ է հարկավոր հայ կնոջն իրեն լավ զգալու համար, Զառան պատասխանեց հետեւյալ կերպ. «Ճիշտ այն, ինչ պետք էր նաեւ Անահիտ թագուհուն, գեղեցկուհի Ելենային, Կլեոպատրային, Մարգրեթ Թետչերին` իր կողքի տղամարդու ուշադրությունը, երեխաների եւ ընտանիքի առողջությունը: Եւ այնպես լինի կյանքդ, որ կարողանաս քեզ թույլ տալ` լինել թույլ եւ կանացի»:ԵՎԱ ՌՈԻԲԻՆՅԱՆ
Ի՞ՆՉ ԱՆԻ ԽԵՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ