Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին:
Գյումրիում 10 օրից սկսվելու է երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման վիճակահանությունները: Սակայն այս պահին երեք սենյականոց բնակարանների շահառու 16 ընտանիքներ դուրս են մնում բնակարան ստանալու գործընթացից միայն այն պատճառով, որ այդ ընտանիքների անդամների վերաբերյալ ՀՀ կառավարաության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված ակնհայտ սխալ տեղեկատվության համաձայն` իբր թե նրանց ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի անունով Երևան քաղաքում կա մի շարք բնակարանների և առանձնատների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում: Եվ սա այն դեպքում, երբ այդ ընտանիքները 24 տարի շարունակ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, նրանցից շատերը գոյատևում են սոցիալական նպաստներով և սեփական միջոցներով պարզապես չեն կարող հասնել Երևան, օրերով չարչարվել և հերքել պետկադաստրի կողմից տրված սխալ տեղեկատվությունը:
Կից ներկայացնելով հարյուրավոր նման անհեթեթ իրավիճակում հայտնված ընտանիքներից վերոհիշյալ 16-ի ցուցակը` խնդրում ենք ձեր միաջամտությունը, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում ևս մեկ անգամ ստուգվեն այդ ընտանիքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում ունենալու մասին ՀՀ պետկադաստրի կողմից տրված տեղեկատվությունը, ճշգրտված տեղեկությունները տրամադրվեն ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի բնակբաշխման հանձնաժողովի կողմից կայացվի համապատասխան որոշում և նրանց թույլատրվի մասնակցել բնակբաշխման վիճակահանությանը: Նախորդ նմանատիպ դեպքերից ելնելով` մենք համոզված ենք, որ համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո այս ընտանիքների սեփականություն ունենալու մասին փաստերը ևս կհերքվեն:
“Շիրակ կենտրոն” ՀԿ